2 րոպեի ընթերցում
Գազա քաղաքում տեղահանվածների ապաստարան հանդիսացող շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, որոնցից 8-ը երեխաներ են, 6-ը՝ կանայք։ Վիրավորվել է ավելի քան 25 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով Գազայի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր 11 վիրավորի մասին։
Գազայի քաղաքացիական պաշտպանության խոսնակը նշել է, որ փլուզված շենքի փլատակներում մնացել է ավելի քան 50 երեխա։
«Մենք լսում ենք փլատակներում մնացած մարդկանց ձայները, և մեր թիմերը փորձում են հասնել նրանց։ Մեզ անհրաժեշտ են ծանր տեխնիկա և ռեսուրսներ՝ տուժածներին դուրս բերելու համար», - նշել է նա։
Գազայի կառավարության մամուլի գրասենյակը հայտարարել է, որ Գազա քաղաքում շենքի փլուզման համար լիովին պատասխանատու է համարում Իսրայելին և միջազգային հանրությանը։
«Մենք կոչ ենք անում աշխարհի երկրներին, միջազգային և ՄԱԿ-ի կազմակերպություններին անհապաղ միջամտել՝ Գազայի հատվածի շրջափակումը վերացնելու համար։ Մենք պահանջում ենք անցակետերի անհապաղ բացում՝ բժշկական պարագաների և օգնության մուտքը թույլատրելու համար», - նշված է հայտարարության մեջ։
Վեցհարկանի շենքը, որտեղ բնակվում էին մոտ 70 տեղահանված պաղեստինցիներ, ավելի վաղ վնասվել էր իսրայելական հրետակոծության հետևանքով։ Սեպտեմբերի 16-ի առավոտյան շենքը փլուզվել է քնած բնակիչների, ինչպես նաև մոտակա վրանների վրա։
Քաղաքացիական պաշտպանության ծառայությունը զգուշացրել է, որ մոտ 2000 խարխուլ և բնակեցված շենքեր փլուզման վտանգի տակ են։
Ըստ Գազայի հատվածի առողջապահության նախարարության տվյալների՝ 2023 թ. հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 73 795-ի, իսկ վիրավորներինը՝ 174 869-ի։ Իսրայելը ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան Գազայից ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժման, որի հետևանքով շուրջ 1200 մարդ զոհվել էր, 250-ը՝ գերեվարվել։