Եվրոպա

Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կանադային առաջարկել է դառնալ ԵՄ առաջին ասոցացված անդամը

3 րոպեի ընթերցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կանադային առաջարկել է դառնալ ԵՄ առաջին ասոցացված անդամը

ԵՄ-ն դռներն է բացում Կանադայի առջև՝ առաջարկելով դառնալ առաջին ասոցացված անդամը, կարգավիճակ, որը գոյություն չունի միության պայմանագրերում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է France 24-ից, այս մասին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում Եվրոպական միության վիճակի մասին իր ամենամյա ելույթում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Ես կցանկանայի ձեզ հետ համագործակցել Կանադայի համար ԵՄ առաջին ասոցացված անդամ դառնալու դուռը բացելու ուղղությամբ», - ասել է ֆոն դեր Լայենը՝ դիմելով Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին, որը հատուկ հյուրի կարգավիճակով ներկա է եղել ելույթին։

«Գործընկերությունները ռազմավարական ընտրություն են Եվրոպայի համար։ Սակայն դրանք նաև արձագանք են միջազգային, կանոնների վրա հիմնված համակարգում առկա ճեղքվածքին», - նշել է Լայենը։

«Մենք աշխարհին նույն հայացքով ենք նայում՝ սկսած արհեստական ​​բանականությունից մինչև կլիմայի փոփոխություն, Արկտիկայից մինչև աշխարհաքաղաքականություն։ Եվ մենք միասնական ենք եղել թե՛ Ուկրաինայի, թե՛ պաշտպանության, թե՛ հումքի և թե՛ մատակարարման շղթաների հարցում։ Բայց ամենակարևորը.... Եվրոպան և Կանադան հավատում են ժողովրդավարությանը», - հավելել է նա։

Ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Կանադան և ԵՄ-ն կզարգացնեն իրենց գործող ազատ առևտրի համաձայնագիրը՝ ստեղծելով ավելի ընդգրկուն «Դաշինք հանուն ապագայի», որի նպատակն է ձևավորել «ընդհանուր բարգավաճման և տնտեսական անվտանգության տարածք»։

Լայենի խոսքով՝ սա գործընկերություն է ոչ թե որևէ մեկի դեմ, այլ՝ ընդհանուր ուժի համար։

«Հակիրճ ասած՝ մենք ցանկանում ենք Կանադայի հետ հարաբերությունները հասցնել հնարավոր ամենաբարձր մակարդակի», - ասել է նա։

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Եվրախորհրդարանում ելույթով հանդես կա սեպտեմբերի 17-ին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերը և Կանադան ԱՄՆ-ի 51-րդ նահանգ դարձնելու մասին պարբերաբար հնչող հայտարարությունները դրդել են Կանադային՝ սերտացնելու տնտեսական և անվտանգության կապերը Եվրոպայի հետ։ Քարնին կոչ է արել ԵՄ-ի հետ «եզակի դաշինք» հաստատել՝ ձգտելով նվազեցնել ԱՄՆ-ի հետ առևտրից իր մեծ կախվածությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում