Հայկ Սարգսյանի հարցը քննարկվել է ՔՊ վարչությունում․ Հասմիկ Հակոբյան

4 րոպեի ընթերցում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության սեպտեմբերի 15-ի նիստում քննարկվել է կուսակցության նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի վարքագծին առնչվող հարցը, սակայն նրա վերաբերյալ որևէ որոշում չի կայացվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։

Նրա խոսքով՝ վարչության նիստում Վերահսկող հանձնաժողովը զեկույցներ է ներկայացրել շուրջ 6-7 կուսակցականի վերաբերյալ՝ արդեն կատարված ուսումնասիրությունների հիման վրա։

«Շուրջ 6-7 կուսակցականի վերաբերյալ Վերահսկող հանձնաժողովի կողմից զեկույցներ ենք ունեցել՝ արդեն իսկ արված ուսումնասիրությունների հիման վրա։ Պարոն Հայկ Սարգսյանի վերաբերյալ ևս եղել է քննարկում, ոչ որոշում, բայց քննարկում եղել է»,- ասել է Հակոբյանը։

Նա նշել է, որ Հայկ Սարգսյանի հետ կապված քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև վարչապետ, ՔՊ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանի՝ օրեր առաջ հնչեցրած հայտարարություններին։

«Պարոն Սարգսյանի հետ կապված՝ վարչապետը հստակ ձևակերպել է, բայց ամենաանհանգստացնողներից է, օրինակ, կուսակցության բարի համբավի արատավորումը, տարբեր կուսակցական գործընկերների հետ կապված զրպարտչական հայտարարությունները։ Վարչապետը տարբեր դրվագներ մատնանշեց, որոնց հետ կապված քննարկում ունեցել ենք»,- ասել է պատգամավորը։

Հակոբյանի խոսքով՝ Հայկ Սարգսյանի վերաբերյալ քննարկումները կարող են շարունակվել։

«Իհարկե, կարծում եմ, առաջիկայում կշարունակվեն այդ քննարկումները»,- նշել է նա։

Լրագրողի հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ քննարկումների արդյունքում որոշում կայացվի Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու մասին, Հակոբյանը հիշեցրել է, որ նախկինում նման կարգապահական խախտումների համար ՔՊ անդամներ հեռացվել են կուսակցությունից։

«Մենք ունեցել ենք կուսակցական ընկերներ, որոնց նմանատիպ վարքագիծը, օրինակ՝ զրպարտչական արտահայտություններ, կուսակցության բարի համբավի արատավորում և այլն, հանգեցրել է կուսակցությունից հեռացման»,- ասել է Հակոբյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանը սեպտեմբերի 6-ին «Tete A Tete» հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ ՔՊ-ում իր հարաբերությունները մի խումբ կուսակիցների հետ սկսել են վատթարանալ այն բանից հետո, երբ կուսակցության ներսում քննադատական ելույթով բարձրաձայնել է, իր խոսքով, քրեական ենթամշակույթի տարածման, ավազի ապօրինի արդյունահանման և Տավուշում ապօրինի անտառահատումների խնդիրները։

Սեպտեմբերի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Հայկ Սարգսյանի հայտարարությանը՝ վերջինիս քաղաքական դիրքավորումը որակելով իր տեսած «ամենաանազնիվ դրսևորումներից մեկը» և պնդելով, որ կուսակցության ներսում հարաբերությունների լարվածությունը կապված է եղել Սարգսյանի հետ առնչվող մի շարք դրվագների հետ։ Նա նաև ասել էր, որ Սարգսյանի հրապարակային հայտարարությունների առիթով քրեական վարույթ է նախաձեռնվել։

Հայերեն English

Բոլիվիան և Պարագվայը սահմանի սահմանագծումն ավարտել են 88 տարվա ընթացքում

Դա չի աջակցում խաղաղության օրակարգին․ Հասմիկ Հակոբյանը՝ Ալիևի վերջին հայտարարության մասին

Թրամփի կարողությունը 2024 թ. ընտրություններից հետո աճել է 2,7 միլիարդ դոլարով. Forbes

Կառուցապատման ոլորտում բացահայտվել է ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն

Գերիների հարցը մեր օրակարգում է մշտապես. Վահագն Ալեքսանյան

Եթե պրոֆեսիոնալ ու անսխալ եք նվագում՝ հրաշալի է, բայց դրան համ ու հոտ, համեմունք է հարկավոր. Արսեն Զաքարյան

Արհեստական բանականության հետ կապված մտավախությունները հիմնավորված են, սակայն հարկավոր է վստահել ԱԲ ընկերություններին. OpenAI-ի ղեկավար

Գազա քաղաքում շենքի փլուզման հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել

Հայկ Սարգսյանի հարցը քննարկվել է ՔՊ վարչությունում․ Հասմիկ Հակոբյան

Հրազդանի կիրճում իրականացվել են սանիտարական մաքրման աշխատանքներ