8 րոպեի ընթերցում
ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը սեպտեմբերի 15-ի նիստում որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ այն սահմանելով 6.75%: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կարգավորող կառույցը իր պաշտոնական կայքում հրապարակել է իր իրականացրած դրամավարկային քաղաքականության և դրա թափանցիկության վերաբերյալ ամփոփ զեկույցը։
Մասնավորապես, նշվում է, որ 2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է՝ ձևավորվելով գնահատվող երկարաժամկետ կայուն մակարդակից բարձր 6.7 մակարդակում:
«Աճի կառուցվածքը, սակայն, որոշակիորեն տարամիտված է: Ինչպես եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով սեզոնի հետաձգման, այնպես էլ դեպի ՌԴ արտահանման սահմանափակումների պայմաններում գյուղատնտեսության ճյուղում արձանագրվել է անցյալ տարվա համեմատ 15.3% անկում՝ շուրջ 1.0 տոկոսային կետով զսպող ազդեցություն ունենալով տնտեսական աճի վրա։ Նշված սահմանափակումները ռիսկեր են պարունակում նաև մշակող արդյունաբերության միջնաժամկետ աճի և արտահանման հեռանկարի համար, որոնք վերջին շրջանում որոշակիորեն թուլացել են՝ Մերձավոր Արևելքում առևտրային ուղիների խաթարման հետևանքով»,- նշված է զեկույցում։
Ընդգծվում է նաև, որ ԱԲ ուղղությամբ կատարվող ներդրումներին և համաշխարհային ՏՏ ենթակառուցվածքներին աստիճանական, ավելի սերտ ինտեգրմանը զուգընթաց, երկրորդ եռամսյակում արագացել է ՏԿ ճյուղի աճը՝ կազմելով 15%: Հարկ է նաև նշել, որ վերջին ամիսներին շահագործման է հանձնվել ԱԲ մի քանի գործարան՝ առաջիկա տարիներին թողարկման և արտահանման զգալի ընդլայնման նպատակադրմամբ։
«Չնայած այն հանգամանքին, որ կառուցման փուլում այս զարգացումները ներքին ավելացված արժեքի վրա կունենան փոքր ազդեցություն՝պայմանավորված դրանց զգալի կապիտալատար բնույթով, գործառնական փուլում, կախված ՀՀ տնտեսության կողմից այս հնարավորությունների օգտագործման արդյունավետությունից, կարող են նշանակալի դրական նպաստում ունենալ ՀՀ տնտեսության ներուժի ավելացմանը։
Այդուհանդերձ, տնտեսական աճին շարունակել են առավելապես նպաստել ծառայությունների և շինարարության ճյուղերի զարգացումները: Մասնավորապես՝ շինարարության ճյուղի առաջանցիկ աճը վերջին ամիսներին զուգորդվել է անշարժ գույքի գների կտրուկ բարձրացմամբ, իսկ ծառայությունների ճյուղում աճն առավել համատարած է: Այս զարգացումները, հավանաբար, մեծամասամբ արտացոլում են ՌԴ-ից դեպի ՀՀ այցելությունների զգալի աճը: Չնայած վերջին շրջանում զբոսաշրջային հոսքերի թուլացմանը, ՌԴ-ում անվտանգային և տնտեսական հեռանկարի շուրջ անորոշության մեծացման պայմաններում, դիտվում է դեպի ՀՀ ՌԴ քաղաքացիների այցելությունների զգալի աճ:
Մյուս կողմից՝ ՌԴ տնտեսության միջնաժամկետ հեռանկարի շուրջ մեծ անորոշությունն ու միգրացիոն քաղաքականության խստացումը կարող են զսպել ՀՀ-ից դեպի ՌԴ սեզոնային աշխատանքային միգրացիան և նվազեցնել դրամական փոխանցումները՝ պարունակելով ներքին պահանջարկի թուլացման ռիսկեր»,- ներկայացված է փաստաթղթում։
Հաղորդվում է նաև, որ 2026 թվականի ընթացքում բարձր տնտեսական աճը, գնաճային միջավայրի ընդլայնումը, ինչպես նաև վարչարարության որոշակի բարելավումը նպաստել են հարկային եկամուտների բարձր կատարողականին: Մյուս կողմից՝ կապիտալ ծախսերի գծով արձանագրվում է պատմական միտումների համեմատությամբ զգալիորեն ցածր կատարողական։ Մասնավորապես՝ հունվար-հուլիս ամիսներին կապիտալ ծախսերը նվազել են տ/տ շուրջ 26.6%-ով՝ հիմնականում պայմանավորված պաշտպանական բնույթի ծախսերի կրճատմամբ, իսկ ծախսերի կառուցվածքում նշված ուղղությամբ ծախսերի ծրագրային նվազեցումն անորոշություններ է ստեղծում կապիտալ ծախսերի հետագա կատարողականի և տնտեսության վրա ազդեցության տեսանկյունից։
«Միաժամանակ, սոցիալական բնույթի ծախսերի և հատկապես առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի շրջանակում նախատեսված ծախսերի գերակատարման ռիսկերն ավելացել են։ Այսպես, 2026 թվականի հունվար-հունիսի դրությամբ այս ուղղությամբ ծախսերը կազմել են ընդհանուր տարվա համար նախատեսվածի շուրջ 80%-ը, իսկ ապահովագրված անձանց շրջանակն ընդլայնվել է»,- նշված է զեկույցում։
Չնայած պահպանվող մեծ անորոշությանը՝ մի շարք ցուցիչներ կարող են վկայել աշխատանքի շուկայում ձևավորված համեմատաբար ավելի հավասարակշռված պայմանների մասին:
Ըստ զեկույցի․ «Գործազրկության մակարդակը շարունակում է տատանվել 12-14% միջակայքում, իսկ պաշտոնապես գրանցված աշխատողների թիվը` կայուն տեմպերով աճել՝ հավանաբար վկայելով նաև ոչ ֆորմալ զբաղվածությունից աշխատուժի տեղաշարժը դեպի ֆորմալ զբաղվածության ոլորտ:
Մասնավոր անվանական աշխատավարձերի աճը, առանց ֆինանսական ոլորտի, շարունակում է կայունացման միտումներ դրսևորել՝ պահպանվելով տ/տ 6–7% միջակայքում։ Այդուհանդերձ, վերջին ամիսներին ծառայությունների առանձին ենթաճյուղերի աճի արագացմանը համահունչ, ոլորտում աշխատավարձերի աճի կենտրոնացվածության նվազումը կարող է վկայել պահանջարկի պայմանների ընդլայնման մասին: Ոչ ռեզիդենտ աշխատողների թվի աճը վերջին շրջանում ևս կարող է վկայել հնարավոր ավելցուկային պահանջարկի առկայության մասին՝ որոշակիորեն քողարկելով դրանից բխող գնաճային ճնշումները։
Մյուս կողմից՝ ՌԴ միգրացիոն քաղաքականության խստացումներն ու տնտեսական հեռանկարի շուրջ անորոշությունն առաջիկայում ոչ միայն կարող է սահմանափակել դեպի ՌԴ արտագնա աշխատանքի հոսքերը, այլև նախադրյալներ ստեղծել ՌԴ-ից աշխատուժի ներհոսքի համար»:
Հաղորդվում է, որ 2026 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանում 12-ամսյա գնաճը որոշակիորեն դանդաղել է՝ օգոստոսին կազմելով տ/տ 4.4%՝ հիմնականում պայմանավորված ՌԴ արտահանման սահմանափակումների հետևանքով առանձին ապրանքների գծով առավել խորը գնանկումային դրսևորումներով։
«Այդուհանդերձ, պետական աջակցության որոշ ծրագրերն ու առանձին գյուղատնտեսական ապրանքների մասով բերքի ցածր մակարդակը կարող են սահմանափակել նման միտումների ամբողջական դրսևորումը։ Բնականոն գնաճը որոշակի արագացել է՝ օգոստոսին կազմելով տ/տ 4.8%, ինչը հիմնականում արտացոլում է տեղական ոչ սեզոնային պարենային ապրանքների գնաճը։ Մյուս կողմից՝ համաշխարհային ապրանքահումքային և էներգակիրների գների տատանողականության, ինչպես նաև առևտրային ուղիների խաթարումների ազդեցությունները կարող են դեռևս փոխանցվել ներքին գներին։ Միաժամանակ, վերջին ամիսներին բնականոն գնաճի արագացումն ավելի համատարած բնույթ է կրում, ինչը, բացի առաջարկի գործոններից, հավանաբար, վկայում է ձևավորված բարձր պահանջարկի պայմանների մասին։ Ոչ արտահանելի կոշտ գների ինդեքսի աճը ևս օգոստոսին որոշակի արագացել է՝ հիմնականում պայմանավորված բնակարանների վարձակալական վճարների աճով, ինչը համահունչ է արտաքին պահանջարկի աշխուժացմանը։ Նշենք, որ արձանագրվում է նաև այս զարգացումների աստիճանական փոխանցում դեպի առավել կոշտ գներով աչքի ընկնող ծառայություններ։ Այդուհանդերձ, ընդհանուր գնաճի և ՈԱԿԳԻ զամբյուղներում գին փոփոխողների կշիռը պահպանվում է պատմական միջին մակարդակների շուրջ՝ հավանաբար վկայելով գնաճային սպասումների կայունացման մասին»,- նշված է զեկույցում։