Թրամփն ԱԲ-ի անվտանգության հետ կապված մտահոգությունները որակել է «կեղծ»՝ այն համեմատելով գլոբալ տաքացման հետ
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «կեղծ» է որակել այն պնդումները, որ արհեստական բանականության (ԱԲ) զարգացումը կարող է գոյութենական սպառնալիք ներկայացնել մարդկության համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Truth Social հարթակում գրառման մեջ Թրամփը դա համեմատել է գլոբալ տաքացման հետ, որը նույնպես, ըստ նրա, կեղծ է։
«Արհեստական բանականության շուրջ այն կեղծիքը, որը հրահրում են ծայրահեղ ձախակողմյան դեմոկրատները, հիշեցնում է գլոբալ տաքացման վերաբերյալ ոչ վաղ անցյալի նրանց խաբեությունը, թե բոլորը պետք է մահանային ծայրահեղ շոգից։ Ի՞նչ տեղի ունեցավ», - գրել է Թրամփը։
Թեմայի շուրջ ԱՄՆ նախագահը մի քանի այլ գրառում է արել։
«Ես կեղծիքը բացահայտող եմ և հիմա հերքում եմ ևս մեկ սուտ՝ այն, որ ԱԲ-ն կտիրի աշխարհին, կկլանի ու կոչնչացնի այն, և որ ռոբոտները կմտնեն մեր քաղաքներ ու կազատվեն մեզնից», - գրել է Թրամփը դրանցից մեկում։
Նա նաև նման հայտարարությունները բնութագրել է որպես «նույնիսկ ավելի անհեթեթ», քան 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության կամ գլոբալ տաքացման վերաբերյալ պնդումները։
Մեկ այլ գրառման մեջ էլ Թրամփը նշել է, որ այն մարդիկ, ովքեր նման կեղծիքներ են տարածում, աշխատում են նրանց համար, ովքեր չեն հետապնդում ԱՄՆ-ի լավագույն շահերը։
Թրամփի մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ ԱԲ հսկա Anthropic-ի համահիմնադիր Ջեք Քլարկը BBC-ին ասաց, որ հարկավոր է միջոց գտնել և կանոններ ստեղծել ՝ լիովին անջատելու ԱԲ-ի ծրագրային ապահովումը, եթե այն չափազանց վտանգավոր դառնա։
Մինչ այդ ԱԲ առաջատար ընկերությունների որոշ ղեկավարներ և աշխատակիցներ նախազգուշացրել էին, որ ԱԲ տեխնոլոգիաները վտանգ են ներկայացնում մարդկության համար։
Այս մտահոգությունների ֆոնին սեպտեմբերի 14-ին որոշ տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը վաճառքի են հանվել, քանի որ ներդրողները սկսել են մտածել այն մասին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ-ի զարգացման հնարավոր դանդաղումը։