2 րոպեի ընթերցում
Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը սեպտեմբերի 12-13-ին ԶԼՄ ներկայացուցիչների համար կազմակերպել էր արտագնա սեմինար-քննարկում՝ նվիրված աշխատանքի և բարեկեցության ոլորտում իրականացվող վերջին բարեփոխումներին և առաջիկա նախաձեռնություններին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը բանախոսություններով հանդես են եկել Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Սվետիսլավ Պաունովիչը, նախարարի տեղակալներ Արտյոմ Սմբատյանը, Լուսինե Քոչարյանը և Ռոզա Բաբայանը, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի գործընկերները։
Բանախոսություններին հաջորդել են թեմատիկ հարցուպատասխաններ, որոնց ընթացքում լրագրողները ներկայացրել են իրենց հետաքրքրող հարցերը։ Քննարկումներին մասնակցել են նաև Միասնական սոցիալական ծառայության ղեկավար կազմի ներկայացուցիչները։
Իր խոսքում Արսեն Թորոսյանը կարևորել է ոլորտային բարեփոխումների ընթացքի և առաջիկա նախաձեռնությունների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձր մակարդակը՝ ընդգծելով ԶԼՄ-ների կարևոր դերն այդ գործընթացում։
Նախարարը պատասխանել է ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։ Երկօրյա սեմինարի ընթացքում քննարկվել են կենսաթոշակային ապահովության և ժողովրդագրության ոլորտները, զբաղվածության և բնակարանային ապահովման աջակցության պետական ծրագրերը, ինչպես նաև ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը։ Քննարկման ավարտին մասնակիցները կարևորել են նման ձևաչափով հանդիպումների անցկացումը՝ ընդգծելով ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ բաց և մասնագիտական երկխոսության, տեղեկատվության փոխանակման և համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։
Սեմինար-քննարկումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի «Հայաստանում մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը» ծրագրի աջակցությամբ, որը Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի բաղկացուցիչ մասն է։