ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը միանգամայն հնարավոր է, Լեհաստանը պատրաստ է աջակցել. Մարչին Բոսացկի

15 րոպեի ընթերցում

Լեհաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ Եվրոպական միության հետ առավել սերտ ինտեգրման և տնտեսական կապերի ընդլայնման ճանապարհին՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով զարգացնել երկկողմ համագործակցությունը առևտրի, ներդրումների, պաշտպանության և անվտանգության ոլորտներում։

«Արմենպրես»-ի հետ հարցազրույցում Լեհաստանի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Մարչին Բոսացկին նշել է, որ Հայաստանի և Լեհաստանի մերձեցման հիմքում երկու երկրների ընդհանուր արժեքներն են՝ ժողովրդավարությունը, ինքնիշխանությունը և սեփական ապագան ինքնուրույն կերտելու ձգտումը։

Հարցազրույցն անցկացվել է սեպտեմբերի 10-ին։

-Վերջին երեք-չորս տարիների ընթացքում Հայաստանի և Լեհաստանի միջև քաղաքական երկխոսությունն ու բարձր մակարդակի շփումները զգալիորեն ակտիվացել են, այդ թվում՝ այս տարի երկու երկրների ղեկավարների փոխայցելությունների շրջանակում։ Ի՞նչն է նպաստել երկու երկրների մերձեցմանը, և ինչպիսի՞ն եք տեսնում հայ-լեհական հարաբերությունների հետագա զարգացումը։

-Կարծում եմ՝ մեր երկրների մերձեցման հիմնական պատճառն այն է, որ Հայաստանն ու Լեհաստանը կիսում են նույն արժեքները։ Խոսքը ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը, ինչպես նաև սեփական երկրի ապագան սեփական ուժերով կերտելու ժողովուրդների իրավունքին հանձնառու լինելու մասին է։

Սա հատկապես կարևոր է Հայաստանի և Լեհաստանի դեպքում, քանի որ երկու երկրներն էլ բավական բարդ հարևանություն ունեն ավելի մեծ ուժերի հետ, որոնք փորձում են ազդել իրենց փոքր հարևանների ճակատագրի վրա։ Իհարկե, մեր աշխարհագրությունը տարբեր է։ Դուք գտնվում եք Կովկասում, մենք՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, սակայն հարևանների այդ նկրտումներն իրենց բնույթով, ըստ էության, նույնն են։

Մենք՝ որպես Եվրամիության ազդեցիկ անդամ, իսկապես աշխատում ենք օգնել Հայաստանին Արևմուտքի ինստիտուտներին միանալու իր ձգտումը իրականություն դարձնելու և առաջ մղելու ճանապարհին, որով Լեհաստանն անցել է 20-25 տարի առաջ, երբ անդամակցել է Եվրամիությանը։

Այս երկու օրերի ընթացքում Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի փոխնախարար պարոն Վահան Կոստանյանի, ինչպես նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցի և Հայաստանի խորհրդարանի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ ունեցած իմ հանդիպումներն ու խորհրդակցությունները ևս մեկ անգամ փաստեցին, որ մենք իսկապես նույն լեզվով ենք խոսում։ Լեհաստանը լիովին պատրաստ է աջակցելու Հայաստանին տարբեր ուղղություններով, այդ թվում՝ տնտեսական ոլորտում, որպեսզի Հայաստանը դառնա ավելի ինքնիշխան, կայուն և հաջողակ երկիր։

-Ինչպե՞ս կարող է այս ամուր քաղաքական հիմքը վերածվել առևտրի, ներդրումների, ենթակառուցվածքների, գիտության, կրթության, մշակույթի, ինչպես նաև ժողովուրդների միջև կապերի առավել խոր համագործակցության։

-Սա մեր առաջադրանքն է, սա մեր պատասխանատվությունն է, և մենք դա անում ենք։ Խոսքը նախարարությունների, փոխնախարարների և գերատեսչությունների ղեկավարների մակարդակով համագործակցության մասին է։

Սակայն սա միայն պետական կառավարման մարմինների միջև համագործակցություն չէ, և միայն կառավարությունների միջև հարաբերություններով չի սահմանափակվում։ Ինչպես նշեցի, այս երկու օրվա ընթացքում ես բավական բովանդակալից խորհրդակցություններ եմ անցկացրել Հայաստանի պետական կարևորագույն կառույցների և նախարարների հետ, սակայն Երևան կատարած այցի ընթացքում մեզ հետ բերել ենք նաև 15 խոշոր լեհական ընկերությունների ներկայացուցիչներից բաղկացած գործարար պատվիրակություն, որում ներառված են տարբեր ոլորտների ներկայացուցիչներ՝ հանքարդյունաբերությունից մինչև ՏՏ, տիեզերական արդյունաբերությունից մինչև գյուղատնտեսություն։

Նրանք արդեն հանդիպել են իրենց հայ գործընկերների հետ։ Լեհական ընկերությունները պատրաստ են ներդրումներ կատարել և շահագրգռված են արդյունավետ առևտրային պայմանավորվածություններ ձեռք բերելու հարցում, այդ թվում՝ Հայաստանից սննդամթերք, հատկապես մրգեր և բանջարեղեն ներկրելու ուղղությամբ։ Այստեղ դրանք իսկապես շատ համեղ են։ Կարող եմ ասել, որ լոլիկն ու դեղձն իսկապես բացառիկ են։ Ծիրան դեռ չեմ փորձել, բայց հուսով եմ՝ առիթ կունենամ։

Սակայն, եթե անկեղծ լինենք և ավելի լուրջ, մենք՝ քաղաքական գործիչներս և դիվանագետներս, կարող ենք միայն դռներ բացել բիզնեսի առջև, իսկ գործարարներն արդեն այդ դռներով պետք է անցնեն և համագործակցեն միմյանց հետ։ Այն, ինչ լսել եմ այսօր և երեկ, վկայում է, որ Հայաստանի և Լեհաստանի գործարար համայնքների միջև արդեն իսկ բազմաթիվ հնարավոր գործարքներ և համագործակցության պայմանավորվածություններ են քննարկվում։

-Տնտեսական համագործակցությունը երկկողմ օրակարգի կարևոր ուղղություններից է։ Ձեր կարծիքով՝ որո՞նք են Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրի և ներդրումների ընդլայնման հիմնական խոչընդոտներն ու հնարավորությունները։

-Կա երկու խոչընդոտ, սակայն հնարավորությունները շատ ավելի մեծ են։ Եվրոպական միությունը Հայաստանի համար հսկայական շուկա է՝ շուրջ 460 միլիոն բնակչությամբ՝  համաշխարհային չափանիշներով համեմատաբար բարձր գնողունակությամբ։ Հայաստանն ունի մի շարք առավելություններ՝ սկսած ՏՏ ոլորտից և խաղերի մշակմամբ զբաղվող ընկերություններից մինչև գյուղատնտեսություն, որոնք բավական լավ են համապատասխանում եվրոպական շուկայի պահանջներին։

Սա մեծ հնարավորություն է, և, հավանաբար, Հայաստանին անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել իր տնտեսական կապերն ու արտահանման ուղղությունները։ Այդ առումով Եվրոպական միության երկրները, այդ թվում՝ Լեհաստանը, բնական ընտրություն են։ Սակայն, այո, կա երկու հիմնական մարտահրավեր կամ խոչընդոտ։

Առաջինը ինստիտուցիոնալ բնույթի է։ Ինչպես գիտեք, Եվրոպական միությունն ազատ առևտրի գոտի է, ինչը նշանակում է, որ ԵՄ 27 անդամ երկրների միջև առևտուրն իրականացվում է ազատ՝ առանց ներքին առևտրային խոչընդոտների։ Սակայն երրորդ երկրների համար որոշակի պատնեշներ կան։ Դրանք վերացնելը կամ առնվազն մեղմելը շատ կարևոր է Հայաստանի համար, և այդ ուղղությամբ մենք բանակցություններ ենք վարում։

Այդ գործընթացի շրջանակում արդեն որոշակի քայլեր կատարվել են։ Օրինակ՝ այս տարի Լեհաստանը Հայաստանից ներմուծել է 1000 տոննա միրգ և այդ շուկան ժամանակավորապես բաց էր Հայաստանի համար Եվրոպական միության շրջանակում։

Սակայն անհրաժեշտ են առևտրային համաձայնագրեր, հնարավոր է՝ նաև նախաանդամակցության բնույթի համաձայնագրեր։ Եթե Հայաստանը դառնա ԵՄ անդամության թեկնածու երկիր, ապա, կարծում եմ, շատ ավելի հեշտ կլինի Հայաստանի համար բացել այդ դռները՝ ի շահ ոչ միայն գյուղատնտեսական, այլև արդյունաբերական արտադրողների։

Երկրորդ մարտահրավերը պարզապես աշխարհագրությունն է։ Հայաստանը բավական հեռու է գտնվում Եվրոպայից, և տրանսպորտային ուղիները հեշտ չեն, հատկապես հաշվի առնելով երկու ընթացող հակամարտությունները՝ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը Ուկրաինայի դեմ և ԱՄՆ-ի ու Իրանի միջև առկա հակամարտությունը։

Այս պայմաններում Եվրոպա հասնող տրանսպորտային երթուղիները հեշտությամբ հասանելի չեն, սակայն մենք կկարողանանք դրանք զարգացնել և ընդլայնել։ Ես համոզված եմ, որ առաջիկայում կավելանա հայկական ապրանքների արտահանումը դեպի Եվրոպական միություն։

-Պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցությունը դարձել է երկկողմ հարաբերությունների նոր ուղղություն, այդ թվում՝ վերջերս ստորագրված ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի շրջանակում։ Այս ոլորտում գործնական համագործակցության ի՞նչ ուղղություններում եք տեսնում ամենամեծ ներուժը։

-Բազմաթիվ ուղղություններով։ Սա իսկապես նոր բացված համագործակցության ոլորտ է, քանի որ ընդամենը այս տարվա մայիսին մեր երկրների պաշտպանության նախարարները ստորագրեցին Հայաստանի և Լեհաստանի միջև այս ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը։

Լեհաստանի պաշտպանական արդյունաբերությունը մեծ փորձ ունի խորհրդային կամ հետխորհրդային սպառազինությունը ՆԱՏՕ-ի չափանիշներին, ինչպես նաև արևմտյան չափանիշներին համապատասխանեցնելու առումով։ Եթե Հայաստանը ցանկանա, մենք կարող ենք աջակցել այդ գործընթացին։

Մյուս ուղղությունը կապված է այն հանգամանքի հետ, որ այս երկու պատերազմները՝ Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ և ԱՄՆ-ի ու Իրանի միջև հակամարտությունը, զգալիորեն նվազեցրել են զինամթերքի պաշարները՝ սկսած ամենապարզ տեսակի զինամթերքից մինչև առավել զարգացած հակաօդային և հակաբալիստիկ հրթիռներ։

Մենք կարող ենք աջակցել դրանց արտադրության ընդլայնման հարցում՝ Հայաստանի և Լեհաստանի պաշտպանական արդյունաբերությունների միջև համագործակցության միջոցով։ Այս ուղղությամբ մեր երկու երկրների միջև արդեն իսկ քննարկումներ են ընթանում։

-Լեհաստանը հետևողականորեն աջակցել է Հայաստանի եվրոպական ուղուն։ Ձեր գնահատմամբ՝ որքանո՞վ կարող է այս գործընթացը իրատեսորեն առաջ գնալ, և ի՞նչ դեր կարող է ունենալ Լեհաստանը Հայաստանի՝ Եվրամիության հետ առավել սերտ ինտեգրման գործընթացում։

-Այն կարող է առաջ գնալ այնքան, որքան Հայաստանը ցանկանում է։ Ձեր վարչապետ, մեծարգո պարոն Փաշինյանի վերջին հայտարարությունների համաձայն՝ Հայաստանի հավակնությունը Եվրոպական միության անդամ դառնալն է։ Դա մի գիշերում տեղի չի ունենա, սակայն դա միանգամայն հնարավոր է։ Այո՛, դա բացարձակապես հնարավոր է, և Լեհաստանը կարող է աջակցել Հայաստանին երկու հիմնական ուղղությամբ։

Առաջինը՝ որպես ԵՄ անդամ ազդեցիկ երկիր, մենք կարող ենք աջակցել Հայաստանին իր առջև դրված հավակնոտ նպատակների իրականացման հարցում, ինչպիսին էլ դրանք լինեն։ Եթե նպատակը ԵՄ-ի հետ առևտրի ընդլայնումն ու ազատ առևտրի համաձայնագրի կնքումն է, մենք կարող ենք աջակցել այդ գործընթացին։ Եթե նպատակը ԵՄ անդամակցությունն է, մենք նույնպես կարող ենք աջակցել այդ հավակնոտ նպատակին։

Սակայն կա նաև մեկ այլ ուղղություն, որը, ըստ էության, մենք սկսեցինք հենց այսօր։ Լեհաստանը ոչ վաղ անցյալում ևս թեկնածու երկիր էր։ Լեհաստանը ԵՄ-ին անդամակցել է 22 տարի առաջ։ Այսինքն՝ 23, 25, 27 տարի առաջ մենք ինքներս թեկնածու երկիր էինք և գիտենք, թե ինչպես պատրաստվել Եվրոպական միության հետ համագործակցությանը և, հնարավոր է, անդամակցությանը, գիտենք նաև, թե  ինչպես է պետք բանակցել ԵՄ-ի հետ։

Ես շատ հպարտ եմ, որ այսօր փոխնախարար Վահան Կոստանյանի հետ միասին մեկնարկեցինք Հայաստանի դիվանագիտական կորպուսի վերապատրաստման ծրագիրը, որն իրականացնում են լեհ դիվանագետներն ու փորձագետները։ Նրանք ակտիվորեն ներգրավված են եղել Եվրոպական միության հետ այն բանակցություններում, որոնք Լեհաստանն էր վարում 23-25 տարի առաջ՝ ԵՄ-ին անդամակցելու նպատակով։

-Լեհաստանի վերափոխման և եվրոպական ինտեգրման փորձից ո՞ր դասերը կարող են ամենակիրառելին լինել Հայաստանի համար այսօր։

-Կարծում եմ՝ այստեղ մեկ կարևոր դաս կա․ արժե լինել այս ակումբի անդամ։ 35 տարի առաջ, երբ Լեհաստանը փաստացի առաջիններից մեկը ձերբազատվեց կոմունիզմից և սկսեց իր նոր ուղին, երկրի տնտեսական իրավիճակն ու զարգացման մակարդակը համադրելի էին Ուկրաինայի հետ։

Այսօր մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի և գնողունակության ցուցանիշով մենք առնվազն երեք անգամ գերազանցում ենք Ուկրաինային։ Լեհաստանը դարձել է Եվրամիության վեցերորդ խոշորագույն տնտեսությունը և աշխարհում՝ 20-րդ խոշորագույն տնտեսությունը։ Եվ մենք գրեթե 50 տոկոսով ավելի հարուստ ենք, քան կլինեինք, եթե չլինեինք ԵՄ անդամ։

Լեհաստանի տնտեսական հաջողությունն իսկապես տպավորիչ է։ 1991 թվականից ի վեր մենք ռեցեսիայի տարի չենք ունեցել։ Միակ բացառությունը 2020 թվականն էր՝ COVID-19-ի համավարակի տարին, բայց  դա գլոբալ խնդիր էր։ Այսօր լեհերը 5-6 անգամ ավելի հարուստ են, քան իրենց նախորդ սերունդը։

Իհարկե, դա միշտ չէ, որ հեշտ է։ Տնտեսական բարեփոխումների և ԵՄ անդամակցությանը նախապատրաստվելու առաջին տարիները հեշտ չեն լինում։ Սակայն Լեհաստանի նման աշխատասեր, եռանդուն և ձեռներեցությամբ աչքի ընկնող երկրի համար այդ գործընթացի օգուտները հսկայական են։

Ես լիովին համոզված եմ, որ Հայաստանը կհետևի Լեհաստանի ուղուն, որովհետև դուք նույնպես շատ եռանդուն և հավակնոտ ժողովուրդ ու երկիր եք՝ բազմաթիվ ձեռներեցներով։

-Հայաստանն առաջ է մղում Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացն ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը։ Ինչպե՞ս է Լեհաստանն այս համատեքստում գնահատում Հարավային Կովկասում Հայաստանի փոփոխվող դերը և տարածաշրջանային համագործակցության ու կապակցվածության գործընթացում Հայաստանի հնարավոր ներդրումը։

-Լեհաստանը մշտապես աջակցել է և շարունակում է աջակցել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը։ Մենք աջակցում ենք TRIPP ծրագրին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցման օրակարգին։ Միաժամանակ, մենք վճռականորեն խրախուսում ենք մեր թուրք բարեկամներին կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։

Մենք իսկապես հավատում ենք, որ խաղաղության, ժողովրդավարական արժեքների և յուրաքանչյուր երկրի ինքնիշխանության պաշտպանության վրա հիմնված աշխարհն այն աշխարհն է, որտեղ տնտեսությունը զարգանում է, մարդիկ ավելի անվտանգ և երջանիկ են ապրում, իսկ աշխարհն ավելի կայուն է դառնում։

Ուստի Հայաստանին մաղթում ենք ամենայն հաջողություն՝ իր ապագան ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առումով դիվերսիֆիկացնելու որոշումների ճանապարհին։ Եվ մենք ոչ միայն հաջողություն ենք մաղթում, այլև պատրաստ ենք աջակցել այնքանով, որքանով Հայաստանը կցանկանա։

Հայերեն English فارسی ქართული Русский Türkçe