1 րոպեի ընթերցում
Վրաստանի իշխանությունները կպահպանեն ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կողմից իրանական ավիաընկերությունների դեմ սահմանված միջազգային պատժամիջոցները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասվում է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության քաղաքացիական ավիացիայի գործակալության հայտարարության մեջ:
Ավելի վաղ ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ պատժամիջոցների ցանկում ներառել էր 35 իրավաբանական անձի և Եգիպտոսի մեկ քաղաքացու: Սահմանափակումներ են մտցվել ավիափոխադրումների ոլորտում գործող 35 ավիաընկերությունների և այլ ընկերությունների նկատմամբ: Թբիլիսիի միջազգային օդանավակայանի տեղեկատվական ցուցատախտակի տվյալներով՝ իրանական Qeshm և Varesh ավիաընկերությունները շարունակում են կանոնավոր չվերթներ կատարել Իրանից Թբիլիսի:
«Քանի որ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կողմից հրապարակված ընդլայնված պատժամիջոցների ցանկում ներառված են այն ավիաընկերությունները, որոնք ներկայումս օդային հաղորդակցություն են իրականացնում Վրաստանի և Իրանի միջև, վրացական կողմը, ինչպես և մյուս դեպքերում, այժմ էլ կգործի միջազգային պատժամիջոցների ռեժիմին համապատասխան», - ասվում է հայտարարության մեջ: