Քաղաքաշինության կոմիտեի նախագահը դիտարկել է հանրային ծառայողների համար իրականացվող բնակարանաշինական ծրագրի ընթացքը
3 րոպեի ընթերցում
Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայց է կատարել «Նոր Երևան» բնակելի թաղամասի շինարարական հրապարակ, որտեղից բնակարաններ են բաշխվել 476 հանրային ծառայողի։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կոմիտեի տարածած հաղորդագրությունից, հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում կառուցապատման ներդրումային ծրագրի իրագործմանը հետևելու նպատակով կոմիտեի նախագահը կառուցապատող «ՄԼ Մայնինգ» ՍՊ ընկերության հիմնադիր և խորհրդի նախագահ Դավիթ Սուքիասյանի հետ տեղում դիտարկել է շինարարության ընթացքը, աշխատանքների որակը, շինարարական հրապարակի կազմակերպումը, քննարկել կիրառվող շինարարական նյութերի, տեխնոլոգիաների վերաբերյալ հարցեր։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կառուցվող թաղամասի շինարարական աշխատանքներն ընթանում են առաջանցիկ տեմպով։ Կառուցապատողը վստահեցրել է, որ բոլոր ջանքերը ներդրվում են, որպեսզի հանրային ծառայողների համար նախատեսված մասնաշենքերը հնարավորինս շուտ հանձնվեն շահառուներին։
«Շատ կարևոր է, որ ժամանակացույցից առաջ ընկած աշխատանքը չանդրադառնա շինարարության որակի վրա: Շրջայցի ընթացքում ուրախ եմ արձանագրել, որ շինարարությունն իրականացվում է որակով, ինչը հաստատվում է նաև պարբերաբար ներկայացվող որակական ցուցանիշների վերաբերյալ տեխնիկական հսկողության հաշվետվություններով»,-ընդգծել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։
Կոմիտեի նախագահին ներկայացնելով բնակելի համալիրում նախատեսված պայմանները՝ կառուցապատողը նշել է, որ բոլոր հնարավորությունները ստեղծվում են ոչ միայն բնակության, այլև բնակիչների առողջ ապրելակերպի, ժամանցի և հանգստի համար։ Մոտ 80,000 քմ մակերեսով հողամասի կեսից ավելին հատկացված է կանաչ գոտիներին, ժամանակակից խաղահրապարակներին և մարզասարքերին։ Համալիրի կենտրոնում նախատեսված է նաև ստորգետնյա սպորտային համալիր։
Եղիազար Վարդանյանը կարևորել է թաղամասային կառուցապատման սկզբունքով իրականացվող ծրագրերում սոցիալական ենթակառուցվածքների առկայությունը՝ ներառյալ կրթական, սպորտային և ժամանցային ենթակառուցվածքների ապահովումը։
ՀՀ կառավարության կողմից հաստատված և Քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացվող «Հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագիրը» մեկնարկել է 2014 թվականին։ 9 ծրագրերի շրջանակում հանրային ծառայողներին բաշխվել են 3314 բնակարաններ և 2336 ավտոկայանատեղիներ շուկայական արժեքից 15-30%-ով ցածր արժեքով և եկամտային հարկի վերադարձի մեխանիզմով։