1 րոպեի ընթերցում
ՌԴ կազմում գտնվող Կաբարդա-Բալկարական Հանրապետությունում՝ Բեզենգի կիրճում սեպտեմբերի 6-ի ձնահյուսքի հետևանքով 11 ալպինիստ է զոհվել, ևս վեց տուժած հոսպիտալացվել է։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին սեպտեմբերի 7-ին հաղորդել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։
«Ճշտված տեղեկատվության համաձայն, 10 մարդ իջել է ինքնուրույն, վեց լեռնագնաց տուժել է և տեղափոխվել բուժհաստատություններ։ Ցավոք, 11 մարդ ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի ԱԻՆ-ի տվյալներով՝ ևս վեց ալպինիստի ճակատագիր դեռևս անհայտ է։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Արտակարգ իրավիճակների ծառայությունից հայտնել են, որ խմբում ընդհանուր առմամբ եղել է 33 մարդ։