Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

7 րոպեի ընթերցում

Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանը վստահեցնում է, որ իրենց մոտ սահմանային անվտանգության հետ կապված խնդիրներ չկան։

Նրա խոսքով՝ 4 տարի է, ինչ սահմանին կրակոցներ չկան, մարդիկ աշխատում և արարում են խաղաղ պայմաններում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սուրեն Ամարյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ուղեկցությամբ գյուղ ժամանած լրագրողներին հայտնեց, որ իրենք իրենց համարում ենք ոչ այնքան սահմանամերձ, որքան սահմանապահ գյուղ։ Ամարյանը շատ լավ պատկերացնում է մարդկանց տրամադրությունները, քաջատեղյակ է գյուղի պատմությանն ու առաջնահերթ խնդիրներին, առավել ևս, որ 1989-97 թվականներին նույնպես եղել է Կոռնիձորի գյուղապետը։  

«ԿԽՄԿ-ի գործունեությունը գյուղում անչափ կարևորում ենք։ 2025 թվականին այդ կազմակերպության աջակցությամբ մեզ մոտ զրոյից կառուցվեց նոր բուժակ-մանկաբարձական կետ, որտեղ բնակիչներին մատուցվում են որակյալ բուժծառայություններ, մինչդեռ նախկինում բուժկետը գտնվում էր մի խարխուլ տան մեջ։ Բացի դրանից, անցյալ տարի ԿԽՄԿ-ն Կոռնիձորի յուրաքանչյուր ընտանիքին երկու հեկտարի հաշվով տրամադրեց 600 կիլոգրամ աշնանացան ցորենի սերմացու։ Մարդիկ ցանեցին ու ստացան առատ բերք։ Լավ կլինի, որ նման ծրագերը շարունակվեն, որպեսզի կոռնիձորցիներն ավելի հաստատուն կերպով կապվեն գյուղի հետ»,- ասաց Ամարյանը։  

Խոսելով անվտանգային խնդրներին մասին՝ նա հույս հայտնեց, որ հարևան Տեղ համայնքում և Հակարիի կամրջի մոտ վիճահարույց հարցերը կհարթվեն, երբ այդ հատվածներում տեղի ունենա սահմանազատումը։

«Կոռնիձորի սահմանն Ադբեջանի հետ ամենամեծն է և ձգվում է 18 կիլոմետր։ Ոչ մի բնակավայրում այդքան երկար սահման չկա։ Կոռնիձորի հողատարածքներից մեկ մետր անգամ չի մնացել ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո։ Բնակիչները զբաղվում են թե՛ հողագործությամբ, թե՛ անասնապահությամբ։ Գյուղն ունի 1227 հեկտար վարելահող, որոնք ամբողջությամբ մշակվում են։ Կան նաև վարձակալական հողեր, որոնք նույնպես տրամադրվում են գյուղացիներին։ Ամռան ամիսներին ունենում ենք միայն խմելու ջրի խնդիր, սակայն նախատեսվում է այդ հարցը լուծել ջրագծերի կառուցման միջոցով։ Մարդիկ պատրաստ են վճարել ջրի դիմաց, բայց այն չի հերքում ամառվա սեզոնին»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։

Քանի որ ֆրանսիական Ամրոն բնակավայրն ու Կոռնիձորը քույր համայնքներ են, Ամարյանը տեղեկացրեց, որ ֆրանսիական կողմը խոստացել է օգնել՝ գյուղում պահածոների գործարան հիմնելու հարցում։ Դա կստեղծի նոր աշխատատեղեր, մարդկանց մի մասը կաշխատի այգիներում ու դաշտերում, մյուս մասը գործարանում կպահածոյացնի աճեցրած բերքը։

2023 թվականին, երբ Ղարաբաղի հայերը տեղահանվեցին, նրանց նախևառաջ դիմավորեցին և ընդունեցեն կոռնիձորցիները։ Քսանյոթ ընտանիք գերադասեց մնալ Կոռնիձորում։ Նրանց մեծ մասն արդեն գնել են տներ, մյուսները նույնպես առաջիկայում ձեռք կբերեն բնակարան։ Նրանց հատկացված պետական հավաստագրերը թույլ են տալիս, որպեսզի նրանք գնեն տուն և հաստատվեն Կոռնիձորում։  

«Գյուղից արտագաղթ չկա, ճիշտ հակառակը, Կոռնիձորում հաստատվել են նաև մի քանի նախկին երևանաբնակներ։ Մարդկանց կոչ եմ անում ապրել Կոռնիձորոևմ, մենք ծնվել, մեծացել ենք այստեղ, ոչ մի տեղ չենք գնալու,մեր նախնիները նույնպես ապրել են այստեղ, նրանց գերեզմաններն այստեղից հեռու չեն։ Բնակիչներն ինձ հետ համակարծիք են։ Ես հավատում եմ խաղաղությանը, որովհետև 2022 թվականից հետո այստեղ կրակոցներ չեն հնչել, սահմանին խաղաղություն է։Ադրբեջանցիները երեսուն տարի առաջ էլ ապրել են մեր գերեզմաններից 200 մետր հեռավորության վրա։ Այսօր նրանք իրենց հողում են, մենք՝ մեր։ Կոռնիձորում ներկայում գրանցված է 1239 բնակիչ, որոնցից գյուղում ապրում է մոտ 1000 հոգի։ Դպրոցում ունենք 123 աշակերտ, կառուցման փուլում է դպրոցի նոր շենքը, իսկ մանկապարտեզ հաճախում է 31 սան»,- ասաց Ամարյանը։ 

Նա հավելեց, որ մտածում են վարել այնպիսի տնտեսություն, ինչը շահավետ կլինի գյուղում ապրելու համար։ Այդ նպատակով հիմնվում են մասնավորապես ջերմոցներ։ Ամարյանի հավաստմամբ՝ կառնիձորցին մեկ հեկտար ցանած ցորենից ստանում է այնքան եկամուտ, որ կարողանում է փակել իր կատարած ծախսերն ու պահեստավորել ցորենը, իսկ ավելցուկի դեպքում վաճառում է՝ ստանալով լրացուցիչ եկամուտ։ Թեև գյուղացիները զբաղվում են անասնապահությամբ, կենդանիներն արածում են խոտհարքներում, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 17 հեկտար, սակայն Կոռնիձորում նույնպես ուզում են հիմնել խելացի գոմեր, առավել ևս, որ Կառավարությունն այդ նպատակով հատկացնում է մատչելի վարկեր, իսկ գյուղում կան տոհմային, ցեղական անասուններ։ 

Կոռնիձորցիները ևս օգտվում են սահմանամերձ բնակավայրերում 16 միլիոն դրամ աջակցությամբ բնակարանային պետական ծրագրից։ Մի քանի շահառուներ գյուղում արդեն կառուցել են հարմարավետ տներ, որոնց քանակն առայժմ  9 է, ևս 20-ը գտնվում են կառուցման փուլում։ Իհարկե, կան այլ անձինք, ովքեր ցանկանում են օգտվել տվյալ ծրագրից, որովհետև իրենց ապագան կապում  են Կոռնիձորի հետ։

Գյուղի վարչական ղեկավարն ու ԿԽՄԿ ներկայացուցիչները լրագրողներին ուղեկցեցին նաև  2025 թվականին բացված բուժակ-մանկաբարձական կետ։ Բուժքույր Սիլվա Դանիելյանը, որը տվյալ համայնքի բուժկետում աշխատել է շուրջ 45 տարի, նշեց, որ նոր հաստատության կառուցումը զգալիորեն բարելավել է բուժծառայություններ մատուցելու գործընթացը։ 

«Մարդիկ մշտապես խնդրահարույց հարցերով գալիս են բուժակ-մանկաբարձական կետ, ներկայացնում իրենց գանգատները։ Ստուգում ենք, կատարում համապատասխան չափումներ, գրանցում մատյանում, իսկ եթե պատահում են լուրջ դեպքեր, ապա այդ մասին հայտնում ենք տեղամասի բժշկին, որը իր հերթին մարդկանց ուղեգրում է համապատասխան մասնագետների մոտ։ Ամսվա մեջ երկու անգամ մեզ այցելում է թերապևտը, գալիս է նաև մանկաբույժը։  Ֆրանսիական «Սանտե Արմենի» կազմակերպության աջակցությամբ՝ մեզ մոտ գալիս է նաև սրտաբան, տեղում կատարում է էխոսրտագրություն, սոնոգրաֆիա»,- ասաց Դանիելյանը։

Նա հավելեց, որ նոր շենքը ԿԽՄԿ-ի կողմից հագեցվել է համապատասխան սարքավորումներով, դեղորայքն ու առաջին անհրաժեշտության պարագաները մշտապես համալրվում են։ Բուժակ-մանկաբարձական կետին տրամադրվել է նաև էլեկտրասրտագրության (ԷԿԳ) սարք՝ անհրաժեշտ հետազոտություններն իրականացնելու համար։

Հայերեն Русский