2 րոպեի ընթերցում
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) պարենի գների ինդեքսն օգոստոսին 1,9%-ով բարձրացել է հուլիսի ցուցանիշի համեմատությամբ: Այն միջին հաշվով կազմել է 133,3 կետ, ինչը 2,5%-ով ավելի բարձր է, քան մեկ տարի առաջ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՊԳԿ-ն, որը հետևում է համաշխարհային շուկայում պարենային ապրանքների զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխություններին:
Կազմակերպությունը նշում է, որ այս աճը պայմանավորված է մատակարարումների խափանման մտավախություններով։
«Կլիմայական ցնցումները, աշխարհաքաղաքական լարվածությունը և խաթարված առևտրային լոգիստիկան բոլորը միասին նվազեցնում են մատակարարման սպասումները։ Սա ցույց է տալիս, որ դիմացկունությունը, բաց առևտուրը և անվտանգ մուտքային հոսքերն այժմ կենտրոնական դեր են խաղում պարենի համաշխարհային գների կայունության համար», - ասել է ՊԳԿ-ի գլխավոր տնտեսագետ Մաքսիմո Տորերոն։
ՊԳԿ-ի հացահատիկային մշակաբույսերի գների ինդեքսը հուլիսի համեմատ աճել է 2,2 տոկոսով։ Ցորենի համաշխարհային գները օգոստոսին աճել են 2,6 տոկոսով և 15,0 տոկոսով բարձր են 2025 թ. մակարդակից՝ Սև ծովի արտահանման լոգիստիկայի շարունակական խափանումների, Եվրոպայի մեծ մասում շոգ և չոր եղանակի պատճառով արտադրության ավելի ցածր հեռանկարների և ԱՄՆ դոլարի թուլացման ֆոնին։ Եգիպտացորենի համաշխարհային գները հուլիսի համեմատ աճել են 2,5 տոկոսով։
1,1 և 1 տոկոսով բարձրացել է համապատասխանաբար բուսական յուղի և մսամթերքի գների ինդեքսը։ Կաթնամքերքի գների ինդեքսը հուլիսի համեմատ բարձրացել է 2,3 տոկոսով, շաքարավազի գների ինդեքսը՝ 11,9 տոկոսով։