Հայաստանի զարգացող ՏՏ ոլորտը կարող է կարևոր դեր ունենալ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի թվային բաղադրիչի ձևավորման և իրականացման գործում
11 րոպեի ընթերցում
Երևանում սեպտեմբերի 2-ին անցկացվեց «Խաղաղության խաչմերուկ»-ի թվային ապագան. արհեստական բանականություն, անվտանգություն և նորարարական ենթակառուցվածքներ» խորագրով կլոր սեղան-քննարկումը, որի մասնակիցներն անդրադարձան ՀՀ կառավարության մշակած այս նախագծի տարբեր բաղադրիչների զարգացման հնարավորություններին և հեռանկարներին։
Հագեցած ծրագրով միջոցառմանը մասնակցեցին Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների, փորձագիտական համայնքի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներ Հայաստանից և արտերկրից (Ռուսաստանից, Իրանից, Հնդկաստանից և Ղազախստանից)։
Քննարկումներն առնչվում էին «Խաղաղության խաչմերուկ» նախագծի թվային բաղադրիչի ձևավորման գործում Հայաստանի ՏՏ ոլորտի դերին, սահմանների կառավարմանը, ենթակառուցվածքների պաշտպանությանը և անվտանգ կապակցվածության ապահովման աշխատանքներում թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության նոր հնարավորությունների օգտագործմանը։
Մասնակիցներին ողջունեցին և նման քննարկումների կարևորությունն ընդգծեցին «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը և «Օրբելի» կենտրոնի համակարգող Միքայել Յալանուզյանը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Էներգետիկ տարածաշրջանային շուկաների բաժնի պետ Հովհաննես Աբրահամյանը պանելային քննարկման ձևաչափով պատասխանեցին օրվա թեմայի վերաբերյալ մասնակիցների հնչեցրած բազմաբնույթ հարցերին՝ դա երբեմն ուղեկցելով որոշակի մեկնաբանություններով։
Գևորգ Մանթաշյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ «Խաղաղության խաչմերուկ»-ը շատ մեծ հնարավորություններ է ընձեռում տարածաշրջանի բոլոր երկրների համար։
«Մեր կողմից բոլոր ջանքերը գործադրելու ենք այդ հնարավորություններն օգտագործելու ի բարօրություն բոլոր ժողովուրդների, հատկապես` Հայաստանի Հանրապետության ժողովրդի։ Այդ նպատակին հասնելու ուղղությամբ խնդիրներն այս պահին հիմնականում տեխնիկական բնույթի են։ Դրանք հնարավոր է լուծել շատ արդյունավետ ու դա տեղի է ունենում։ Լիահույս եմ, որ դրա վերաբերյալ առաջիկայում կլինի նաև մամլո հաղորդագրություն և հանրային տեղեկացում։ Ժամանակը ցույց կտա, բայց մեր բոլոր գործընկերները շատ ակտիվ աշխատանքներ են տանում այս ուղղությամբ»,-նշեց փոխնախարարը։
Ըստ Գևորգ Մանթաշյանի՝ ներկայում քննարկվում է Հայաստանում ինտերնետ կապուղու նոր ու ժամանակակից թողունակությամբ ենթակառուցվածք ունենալու տարբերակը, սակայն դրա իրականացման ուղղությամբ գործուն քայլերի ձեռնարկման վերաբերյալ տեղեկատվություն չկա։
«Քննարկումներ կան նախագծման և պայմանների ճշգրտման վերաբերյալ»,-նշեց նա։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Էներգետիկ տարածաշրջանային շուկաների բաժնի պետ Հովհաննես Աբրահամյանը, պատասխանելով «Խաղաղության խաչմերուկ»-ի և TRIPP-ի ենթակառուցվածքների հնարավոր համադրման վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին, նշեց․
«Այդ մասին դեռևս վաղ է խոսել, բայց Հայաստանը շարունակաբար զարգացնում է իր ենթակառուցվածքները։ Համանման բոլոր նախագծերը դիտարկում ենք մեր հզորությունների ընդլայնմանը և առկա խնդիրների լուծմանը նպաստելու տեսանկյունից։ Ենթակառուցվածքների մասով մնացած բոլոր հարցերը պարզ կլինեն ժամանակի ընթացքում»։
Մեր զրուցակիցն արձանագրեց, որ Հայաստանն արդեն ունի էլեկտրականության փոխհոսքերի որոշակի մակարդակ Վրաստանի և Իրանի հետ, որը նախատեսվում է ավելացնել էլեկտրահաղորդակցության նոր գծերի կառուցման արդյունքում։ Ակնկալվում է, որ այս համակարգը 2031-33 թվականներին ամբողջությամբ պատրաստ կլինի շահագործման։
Նախնական փուլում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ էներգետիկ փոխգործակցության ձևավորման հնարավորությունների քննարկումները։
Միջոցառման մասնակիցները նաև մտքեր փոխանակեցին «Հայաստանի ՏՏ ոլորտի արտադրողականության աճը», «Կիբեր-ֆիզիկական անվտանգություն և սահմանների կառավարում», «Արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացումը, թվային կառավարումը և սպասարկումը» թեմաների շուրջ։
Դրանցից առաջինի վերաբերյալ քննարկման մասնակիցները մասնավորապես նշեցին, որ Հայաստանի զարգացող ՏՏ ոլորտը կարող է կարևոր դեր ունենալ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության թվային բաղադրիչի ձևավորման և իրականացման գործում։ Բանախոսներն անդրադարձան արհեստական բանականության կիրառման հնարավորություններին, խելացի ենթակառուցվածքների զարգացմանը, տրանսպորտային և լոգիստիկ համակարգերի թվայնացմանը, թվային կրթությանը և բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստմանը, ինչպես նաև պետական, մասնավոր և ակադեմիական հատվածների համագործակցությանը։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց Հայաստանի տեխնոլոգիական ներուժի և թվային կապակցվածության տարածաշրջանային կենտրոնի դերի ամրապնդմանը միտված քաղաքականությանը և նորարարական լուծումներին։
«Կիբեր-ֆիզիկական անվտանգություն և սահմանների կառավարում» թեմայի առնչությամբ նշվեց, որ թվային տեխնոլոգիաները և արհեստական բանականությունը նոր հնարավորություններ են ստեղծում սահմանների կառավարման, կարևոր ենթակառուցվածքների պաշտպանության և անվտանգ կապակցվածության ապահովման համար։ Բանախոսները ներկայացրեցին, թե ինչպիսին կարող է լինել սահմանային անցակետերի թվային կառավարումը, ինչպես կարող է իրականացվել թվային մշտադիտարկումը և սահմանային վերահսկողությունը, ինչ դեր կարող են ունենալ արհեստական բանականության տեխնոլոգիաներն ու կենտրոններն այս գործընթացում։
Անդրադարձ կատարվեց նաև կիբեր-ֆիզիկական համակարգերի անվտանգությանը, տվյալների պաշտպանության և ռիսկերի կառավարման հարցերին, ինչպես նաև անվտանգ, արդյունավետ և դիմակայուն սահմանային ենթակառուցվածքների զարգացման նպատակով պետական և մասնավոր հատվածների ու միջազգային գործընկերների համագործակցության կարևորությանը։
«Արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացումը, թվային կառավարումը և սպասարկումը» թեմայով քննարկման մասնակիցները շեշտեցին, որ Հայաստանում տվյալների կենտրոնների զարգացումը նաև նոր հնարավորություններ է ստեղծում թվային տնտեսության, ներդրումների և բարձր որակավորմամբ մասնագետներ պահանջող աշխատատեղերի զարգացման համար՝ առաջացնելով նաև էներգետիկ արդյունավետության, բնապահպանական ազդեցության և համայնքների վրա սոցիալական ազդեցության կառավարման հարցեր։
Քննարկում ծավալվեց նաև ԱԲ ենթակառուցվածքների և տվյալների կենտրոնների զարգացման ու սպասարկման տեխնոլոգիական պահանջների, ենթակառուցվածքների թվային կառավարման ժամանակակից լուծումների, էներգետիկ արդյունավետության, ինչպես նաև տվյալների կենտրոնների տնտեսական, բնապահպանական և սոցիալական ազդեցության շուրջ։ Ներկայացվեցին տեղական համայնքների համար ստեղծվող հնարավորություններն ու այն մոտեցումները, որոնք կարող են ապահովել տեխնոլոգիական առաջընթացի, տնտեսական զարգացման և կայունության միջև հավասարակշռությունը։
Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների վարչության տնօրեն Սևակ Սարուխանյանն ընդգծեց, որ տարածաշրջանը շարժվում է տրանսպորտային ենթակառուցվածքների հետագա զարգացման ուղղությամբ, ինչը ենթադրում է թվային տեխնոլոգիաների ներդրում, այդ թվում՝ սեփական թվային նախաձեռնություններ, ինչպես նաև արդեն միջազգայնորեն ճանաչված մշակումների ներդրում։
«Այդ տեսակետից հեռանկարը շատ մեծ է, բոլոր խաղացողները այստեղ ունենալու են բավականին մեծ շրջան իրենց գործունեությունը ծավալելու համար, այդ թվում՝ միջազգային լուծումների ներդրման առումով, որոնք կարող են զգալիորեն նվազեցնել տրանսպորտային հանգույցների թղթային ծանրաբեռնվածությունը՝ ամբողջությամբ դրանք տեղափոխելով դեպի թվային ոլորտ»,- նշեց նա։
«Օրբելի» կենտրոնի համակարգող Միքայել Յալանուզյանը ներկայացրեց ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի պաշտոնական կայքը, որը նախագծել և գործարկել է Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը։ Նշվեց, որ crossroadsofpeace.am նորաբաց կայքում արդեն հրապարակված են թեմատիկ մի շարք հոդվածներ, հարցազրույցներ և ինֆոգրաֆիկաներ։
Նա «Արմենպրես»-ին հայտնեց, որ սա երկրորդ քննարկումն էր։ Նախորդը եղել էր այս տարվա ապրիլին։
«Խաղաղության խաչմերուկի թվային ապագան. Արհեստական բանականություն, անվտանգություն և նորարարական ենթակառուցվածքներ» խորագրով կլոր-սեղան քննարկումը
«Խաղաղության խաչմերուկի թվային ապագան. Արհեստական բանականություն, անվտանգություն և նորարարական ենթակառուցվածքներ» խորագրով կլոր-սեղան քննարկումը
«Խաղաղության խաչմերուկի թվային ապագան. Արհեստական բանականություն, անվտանգություն և նորարարական ենթակառուցվածքներ» խորագրով կլոր-սեղան քննարկումը
«Խաղաղության խաչմերուկի թվային ապագան. Արհեստական բանականություն, անվտանգություն և նորարարական ենթակառուցվածքներ» խորագրով կլոր-սեղան քննարկումը
«Խաղաղության խաչմերուկի թվային ապագան. Արհեստական բանականություն, անվտանգություն և նորարարական ենթակառուցվածքներ» խորագրով կլոր-սեղան քննարկումը
«Միջոցառումը միտված է նպաստելու «Խաղաղության խաչմերուկ»-ի հանրայնացմանը, նախագծի զարգացման հնարավորությունների, խնդիրների, մարտահրավերների քննարկմանը՝ տարբեր երկրների փորձագետների ներգրավմամբ։ Ներկայացրեցինք նաև թեմատիկ կայքը, որում ներկայացված են «Խաղաղության խաչմերուկ»-ի վերաբերյալ տարբեր նյութեր, այդ թվում՝ հրապարակվելու են պաշտոնական փաստաթղթեր, որոնք հասանելի են լինելու նաև անգլերենով»,- հայտնեց նա։
Միջոցառումը կազմակերպել էր ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի «Օրբելի» վերլուծական կենտրոնը՝ Եվրասիական զարգացման բանկի հետ համագործակցությամբ։