Հինգ տարում ՄԿՈՒ համակարգ ընդունվածների թիվն աճել է շուրջ 45 տոկոսով. Սվաջյան

6 րոպեի ընթերցում

Հինգ տարվա ընթացքում մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) համակարգ ընդունվածների թիվն աճել է շուրջ 45 տոկոսով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, այս մասին  մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։

Նրա խոսքով՝ եթե 2021-2022 ուսումնական տարում ՄԿՈՒ համակարգ էր ընդունվել շուրջ 11 հազար ուսանող, ապա այս տարվա նախնական ցուցանիշը 16 հազար 738 է։ «Այսպիսով՝ հինգ տարվա ընթացքում ընդունվածների թիվն աճել է շուրջ 45 տոկոսով, ինչը փաստում է, որ պետական քաղաքականությունը նպաստել է ոլորտի գրավչության բարձրացմանը»,- ասել է Սվաջյանը։

Նրա խոսքով՝ վերլուծությունները ցույց են տալիս, որ հիմնական դպրոցն ավարտող յուրաքանչյուր երրորդ սովորող կրթությունը շարունակում է ՄԿՈՒ հաստատությունում։ Այս համատեքստում նա կարևորել է մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ աշխատանքը դեռևս 8-րդ դասարանից՝ ընդգծելով նաև քոլեջների ակտիվ դերակատարությունը։

 Անդրադառնալով ոչ ֆորմալ կրթությանը՝ Սվաջյանը քոլեջների տնօրեններին առաջարկել է ակտիվացնել այդ ուղղությամբ աշխատանքը։

«Սոցիալական կրեդիտի համակարգի շրջանակում քաղաքացին տարեկան մինչև 100 հազար դրամի եկամտային հարկի հետվերադարձի հնարավորություն ունի կրթական ծրագրերից օգտվելու համար։  Այս պահին երաշխավորված ծրագրերի թիվը հասել է 2099-ի, որից 1244-ը երաշխավորվել է միայն 2026 թվականին»,-ասել է նա։

 Նախարարի տեղակալը նշել է, որ ծրագրերի գերակշիռ մասը ներկայացրել է մասնավոր հատվածը, մինչդեռ քոլեջների մասնակցությունը դեռևս սահմանափակ է։ Նրա խոսքով՝ քոլեջները կարող են այդ հնարավորությունն օգտագործել նաև արտաբյուջետային միջոցներ ներգրավելու համար՝ մշակելով իրենց մասնագիտական և նյութական ռեսուրսներին համապատասխան վերապատրաստման ծրագրեր։

Սվաջյանը տեղեկացրել է նաև, որ շարունակվելու է դասախոսների ատեստավորումը։ 2024 թվականին ատեստավորվել է 276, իսկ 2025 թվականին՝ 181 մասնագետ։ Ատեստավորմանը նախորդում է վերապատրաստումը, և պոտենցիալ մասնակիցների շուրջ 90 տոկոսը կամ ավելին հաջողությամբ հաղթահարում է ատեստավորումը։ Դրական արդյունքի դեպքում դասախոսի դրույքաչափը բարձրանում է մինչև 200 հազար դրամի, որի նկատմամբ, ըստ հավաքած միավորների, կիրառվում է նաև 30-50 տոկոս հավելավճար։

«Այս տարի ատեստավորման գործընթացում ներառվել են նոր ոլորտներ, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում, փոխադրումների կազմակերպում և կառավարում, գինեգործություն, կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա, էլեկտրական կայաններ և այլն։ Քոլեջների հանրակրթական առարկաներ դասավանդող 174 դասախոս անցել է կամավոր ատեստավորում և ստանում է բարձրացված աշխատավարձ»,-նշել է նա։

 Նախարարի տեղակալը տնօրեններին կոչ է արել խրախուսել նաև մյուս դասախոսների մասնակցությունը կամավոր ատեստավորմանը։

 Սվաջյանը նշել է, որ մասնագիտական զարգացման մեկ այլ ուղղություն է տարակարգի տրամադրումը։ Մասնագիտական կրթության ոլորտում արդեն ութ դասախոս, իսկ հանրակրթական առարկաների գծով՝ երկու մանկավարժ ստացել է տարակարգ։

Նրա խոսքով՝ որակյալ մասնագիտական կրթության կարևոր նախապայմաններից է նաև ժամանակակից ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի առկայությունը։

 Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է 30 քոլեջի կառուցում, վերակառուցում և վերանորոգում։ Դրանք ամբողջությամբ կհագեցվեն նոր գույքով և ժամանակակից նյութատեխնիկական բազայով։

Սվաջյանն անդրադարձել է նաև հոկտեմբերի վերջին երկու շաբաթվա ընթացքում նախատեսվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ CBD COP17-ին։ Այդ ընթացքում Երևանի դպրոցներում և քոլեջներում առկա դասեր չեն կազմակերպվելու։

Նախարարի տեղակալը նշել է, որ նախատեսված ուսումնական գործընթացը պետք է լրացվի և պատշաճ կազմակերպվի։ Նա տեղեկացրել է, որ այս աշնանը նախատեսվում է նաև ՄԿՈՒ ոլորտին նվիրված աշխատաժողով անցկացնել, որը կդառնա ոլորտի խնդիրները, հաջողված փորձը և զարգացման հնարավորությունները համատեղ քննարկելու հարթակ։

Սվաջյանի խոսքով՝ ամբողջությամբ վերանայվում են ՄԿՈՒ հաստատությունների լիցենզավորման և հավատարմագրման, ինչպես նաև քոլեջների ֆինանսավորման կարգերը։ Դրանք այժմ մշակման փուլում են։ Նախատեսվում է նաև այլ իրավական ակտերի ընդունում՝ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի պահանջների կատարմամբ պայմանավորված։

Նա նշել է, որ Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը (ՄԿՈՒԶԱԿ), որը մինչ այժմ գործել է Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) կազմում, այսուհետ կգործի որպես առանձին հիմնադրամ։ Նորաստեղծ կառույցը գործունեություն է իրականացնելու երեք հիմնական ուղղությամբ՝ մասնագիտական կրթության և դրա բովանդակության զարգացում, մասնագիտական կարողությունների կատարելագործում և ոչ ֆորմալ կրթության համակարգում, ինչպես նաև գործատուների հետ համագործակցության զարգացում։

Հանդիպման ավարտին նախարարի տեղակալը պատասխանել է քոլեջների տնօրենների հարցերին՝ անդրադառնալով ՄԿՈՒ հաստատությունների ֆինանսավորման նոր կարգին, համակարգի թվայնացմանը, աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կրթական ծրագրերի իրականացմանը, գերակա մասնագիտությունների համար կրթաթոշակների տրամադրմանը, ChatGPT Edu գործիքի կիրառմանը և այլ հարցերի։

Հայերեն