Միակ իրավասու մարմինը՝ Հակակոռուպցիոն կոմիտեն պետք է քննի և անաչառ գնահատական տա դեպքերի վերաբերյալ․ ՆԳ նախարար

4 րոպեի ընթերցում

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը  նպատակահարմար և իրավաչափ չի համարում այս պահին որևէ գնահատական կամ կարծիք հայտնել քննիչների և ոստիկանների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ։

 Նրա խոսքով՝ երկու դեպքերի առնչությամբ անաչառ գնահատական պետք է տա Հակակոռուպցիոն կոմիտեն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արփինե Սարգսյանն ասել է «Լուրեր»-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով վերջին շրջանում քննիչների և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ շրջանառվող տեղեկություններին։

«Ես առհասարակ նախապատվություն չեմ տալիս հրապարակային բանավեճին որևէ պետական մարմնի հետ։ Պիտի փաստեմ, որ սա առաջին հերթին վնասում է իրավապահ համակարգի հեղինակությանը, և, հետևապես, մշտապես առաջնահերթությունը տվել եմ, տալիս եմ և տալու եմ պետական շահին»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ խոսքը երկու տարբեր դրվագների մասին է։ Առաջինը վերաբերում է առերևույթ խուլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքին, որի մասնակիցների թվում եղել են քննիչներ, ոստիկան և այլ քաղաքացիներ։

«Ես ինքս եմ հաղորդում ուղարկել այս դեպքով»,- նշել է Սարգսյանը։

Նախարարը հայտնել է, որ երկրորդ դրվագը վերաբերում է առաջին դեպքով անցնող ոստիկանի՝ Քննչական կոմիտեում առերևույթ խոշտանգման դեպքին, որի վերաբերյալ ևս հաղորդում է ներկայացվել։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը իրավական պետություն է՝ այս երկու դեպքերը քննող միակ իրավասու մարմինը Հակակոռուպցիոն կոմիտեն է։ Այն պետք է քննի և տա անաչառ գնահատականներ դեպքերի մասով, որովհետև որևէ այլ մեկնաբանություն կդիտարկվի որպես միակողմանի գնահատական թեմայի առնչությամբ»,- ասել է ՆԳ նախարարը։

Նա նշել է, որ երկու գործերի վերաբերյալ սպասելու է Հակակոռուպցիոն կոմիտեի անաչառ հանգուցալուծմանը և գնահատականների հանրայնացմանը։

«Ինչ վերաբերում է մեր ծառայողին, ես միայն ուզում եմ շեշտել և բավարարվել այս պատասխանով, որ Ներքին գործերի նախարարությունը պաշտպանելու է յուրաքանչյուր ոստիկանի օրինական շահերն ու արժանապատվությունը նույն հետևողականությամբ, ինչ պատասխանատվության է ենթարկում օրենքը խախտած յուրաքանչյուր ոստիկանի»,- ընդգծել է Սարգսյանը։

Նախարարը նաև բացառել է միջադեպերի հնարավոր բացասական ազդեցությունը ՆԳՆ-ի և Քննչական կոմիտեի աշխատանքների վրա։

«Ես բացառում եմ որևէ ազդեցությունը, որովհետև յուրաքանչյուր մարմին ունի իր գործառույթները և իր պրոցեսները պիտի տանի՝ ըստ օրենքով իրեն վերապահված գործառույթների»,- ասել է նա։

Սարգսյանի խոսքով՝ երկու դրվագներն իրավական ընթացակարգերով կքննվեն, և դրանց արդյունքներով անհրաժեշտության դեպքում համապատասխան հայտարարություններ կարվեն։

«Ես նպատակահարմար և նաև իրավաչափ չեմ համարում այս պահի դրությամբ երկու դեպքի մասով էլ որևէ գնահատական կամ նույնիսկ կարծիք հնչեցնել, որովհետև իրավասու մարմին չեմ հանդիսանում այս դեպքում»,- հավելել է ՆԳ նախարարը։

Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, թե Քննչական կոմիտեում հարցաքննության ժամանակ քննիչները խոշտանգել են Ոստիկանության ծառայողի։ Քննչական կոմիտեն հերքել է այդ տեղեկությունները՝ նշելով, որ Ոստիկանության այդ ծառայողը անցնում է քրեական վարույթով և մեղադրվում է իր ազգակիցների հետ երկու քննիչների ծեծելու մեջ։  Օգոստոսի 23-ին Քննչական կոմիտեն հայտնեց, որ երկու քննիչներին ծեծելու մեջ մեղադրվող ոստիկանն ու ևս մեկ մեղադրյալ երկու ամիս ժամկետով կալանավորվել են։

Հայերեն

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն