1 րոպեի ընթերցում
Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքի բարեկամություն փողոցում ՀՀ կառավարության կողմից 2026 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են Բարեկամություն փողոցի հիմնանորոգման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Բարեկամություն փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 194 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է շուրջ 900 գծամետր երկարության փողոցի ասֆալտապատում, մայթերի ու ջրահեռացման համակարգի կառուցում, եզրաքարերի տեղադրում։
Ծրագրում ներառված են նաև Բարեկամության փողոցի 14-րդ նրբանցքը, Բարեկամության փողոցի շարունակություն հանդիսացող Կաբելագործների 1-ին փողոցը և Զորավար Անդրանիկի փողոցի 4-րդ նրբանցքը։ Այս հատվածներում շինարարությունը կմեկնարկի Բարեկամության փողոցի հիմնանորոգման աշխատանքների ավարտից հետո։ Ճանապարհաշինարարները վստահեցնում են, որ մինչև օգոստոսի վերջ նախատեսում են ավարտել աշխատանքները։