Գերմանիայի ԱԳ նախարարն ԱՄՆ պետքարտուղարին կոչ կանի ավելի ակտիվ դեր ստանձնել Ուկրաինայի հարցում
1 րոպեի ընթերցում
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը ծրագրում է օգոստոսի 24-ին հեռախոսազրույց ունենալ ամերիկացի գործընկերոջ՝ Մարկո Ռուբիոյի հետ՝ կոչ անելու նրան ավելի ակտիվ անձնական ներգրավվածություն ունենալ Ուկրաինայի պատերազմի շուրջ դիվանագիտական ջանքերում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա ասել է Deutschlandfunk ռադիոկայանին։
Վադեֆուլը, որը վերջերս այցելել էր Ուկրաինա, նշել է, որ ԱՄՆ-ի դիվանագիտական ջանքերը մինչ այժմ հիմնականում իրականացվել են նախագահի հատուկ բանագնացներ Ջարեդ Քուշների և Սթիվեն Ուիթքոֆի միջոցով։
«Հնարավոր է՝ ես ինքս կարողանամ նրան (Ռուբիոյին) համոզել ավելի ակտիվ ներգրավվել այդ գործընթացում»,- ասել է Գերմանիայի նախարարը՝ հավելելով, որ Բեռլինը նաև այլ ուղիներով է աշխատում բանակցությունները վերսկսելու ուղղությամբ։
Վադեֆուլի խոսքով՝ Գերմանիան կապի մեջ է մի շարք երկրների, այդ թվում՝ Թուրքիայի, Պարսից ծոցի մի քանի պետությունների և Եգիպտոսի հետ, որոնք Ռուսաստանի հետ ավելի սերտ հարաբերություններ ունեն, քան եվրոպական երկրների մեծ մասը։