Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության շնորհիվ կայունացվել է Հայաստանի արտաքին միջավայրը. վարչապետ

5 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունը դարձել է այն առանցքային գործիքներից մեկը, որը թույլ է տվել կայունացնել Հայաստանի Հանրապետության արտաքին միջավայրը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ազգային ժողովում կառավարության 2026-2031 թվականների ծրագրի քննարկումների ժամանակ։

«Կառավարությունը ոչ միայն շարունակելու է հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունը, այլև այն որդեգրում է որպես արտաքին քաղաքական ռազմավարություն,  որի առանցքային խնդիրը արտաքին հարաբերությունների մեջ անհամաչափություններ թույլ չտալն է կամ անհամաչափությունները հավասարակշռելու գործիք ունենալը։ Այս արտաքին քաղաքականության մեջ առանցքային դեր ունի տարածաշրջանացումը, որի նպատակը սեփական միջավայրում առանց արտաքին օգնության ապրելը Հայաստանի համար ոչ միայն հնարավոր, այլև հարմարավետ դարձնելն է։ Այս իմաստով հարաբերությունների հետագա զարգացումը Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության հետ ունեն կարևոր նշանակություն»,-ընդգծեց Փաշինյանը։

Նա անդրադարձավ նաև Միացյալ Նահանգների հետ հարաբերություններին՝ նշելով, որ արդեն արտատարածաշրջանային քաղաքականության մասով ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները գտնվում են վերընթաց վիճակում։

«Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության հուշագիրը ընդամենը 2025 թվականի հունվարին է ստորագրվել, և տեսեք, թե այս ընթացքում ինչ զարգացումներ են տեղի ունեցել։ Ես հիշում եմ, որ նախորդ տարվա սեպտեմբերին, ուղիղ մի տարի առաջ, այս դահլիճում ստիպված էի չակերտավոր արդարանալ, որ օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի հետ արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին ընդամենը մտադրությունների հուշագիր եմ ստորագրել, որն այդ թվում այս պահին դահլիճում ներկա որոշ ընդդիմադիր պատգամավորների այն ժամանակվա պնդմամբ՝ ոչինչ չասող և չնշանակող թուղթ էր։ Այդ չակերտավոր ոչինչ չասող չասող թղթի ստորագրումից մեկ տարի անց Հայաստանում երեք սուպեր համակարգչային կենտրոն է բացվել, որոնցից մեկը Երևանի պետական համալսարանում, մյուս երկուսը արհեստական բանականության գործարաններ են, և այս ոլորտում Հայաստան-ԱՄՆ մասնավոր ներդրողներ համագործակցության պլաններն այնպիսին են, որ մենք թերևս ստիպված կլինենք կրկին անդրադառնալ մեր էներգետիկ ռազմավարությանը, որովհետև արհեստական բանականության ոլորտի ներդրումային նախանշվող ծրագրերը, էներգետիկայի պահանջարկը մեծացնելու են ահռելի տեմպերով»,-մատնանշեց վարչապետը։

Նա նաև հավելեց, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները հիմա արդեն հիմնված են համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության վրա, որը բոլորովին վերջերս է ստորագրվել, և սա երկու երկրների հարաբերությունների բարձրակետն է։

Փաշինյանը նաև առանձնանշեց, որ վերջին տարիներին ռազմավարական հարաբերություններ են հաստատվել Վրաստանի, Ֆրանսիայի, Չինաստանի, Նիդերլանդների, Ղազախստանի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Միացյալ թագավորության, Բուլղարիայի, Խորվաթիայի, Լիտվայի հետ։

«Ֆրանսիայի հետ մեր հարաբերությունները գնալով դառնում են ավելի բազմաչափ ու բազմաշերտ, և մենք արդեն համագործակցում ենք այնպիսի ոլորտներում, որ նախկինում երբեք չենք գործակցել։ Եվրոպական Միության հետ մեր գործընկերության ռազմավարական օրակարգը իրացվում է տեսանելի տեմպերով։ Նախորդ տարի ԱԺ կողմից ընդունված ԵՄ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը նոր թափ տվեց այս գործընթացին։ 2026 թվականի մայիսին Երևանում տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովը, ապա և Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը»,-ասաց վարչապետը՝ մատանանշելով, ասյ առումով, հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության արդյունքները։

Հայերեն English ქართული Русский

Հիմնանորոգվել է Գավառի ուսուցողական կենտրոնի տանիքը

Երիտասարդ ըմբիշներն ու մարզիչն ամփոփեցին աշխարհի առաջնության արդյունքները

Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն

Օվերչուկը բուսասանիտարական վերահսկողության շուրջ Հայաստանի հետ երկխոսության պատրաստակամություն է հայտնել

Իրանը հայտնել է երկրի էներգետիկ ենթակառուցվածքները վերականգնելու մասին

Մոսկվան արձագանքել է ՀԱՊԿ-ի և ԵՄ-ի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին

Փաշինյանը կոչ է արել վերջ տալ Հայոց ցեղասպանության զենքայնացման գործընթացին

ՀԱՊԿ-ի նկատմամբ հետաքրքրությունը սպառված է, գոհ կլինեմ, եթե մեզ հեռացնեն կազմակերպությունից. վարչապետ

Ուկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. Զելենսկի

Հայաստանը որդեգրում է էներգետիկ անկախություն ունենալու ռազմավարություն. Փաշինյանն անդրադարձել է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգմանը