Հայտնի են «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի հաղթողները. գլխավոր մրցանակին արժանացավ «Red Line» ռոք խումբը
4 րոպեի ընթերցում
«Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակին արժանացավ «Red Line» ռոք խումբը։ Առաջին մրցանակը ստացավ «Դոֆամին» բենդը, երկրորդ մրցանակին՝ «Նուշ» բենդը, իսկ երրորդ մրցանակը ստացավ «Ֆոլկաստիկ» բենդը։
«Արմենպրես»-իհաղորդմամբ՝ հաղթողներին մրցանակները հանձնեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, դաշնակահար, կոմպոզիտոր, երաժիշտ, «Վարչաֆեստ»-ի ժյուրիի անդամ և ստեղծագործական կազմի ղեկավար Վահագն Հայրապետյանը։
Ողջունելով փառատոնի մասնակիցներին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ «Վարչաֆեստ»-ը հետաքրքիր ձևաչափով միջոցառում էր, և ընդգծեց այն ամենամյա դարձնելու հնարավորությունը։
«Ես կարծում եմ՝ հիմա մենք պետք է որոշենք՝ մյուս տարի է՞լ ենք սա նույն ձևաչափով անելու, թե՞ ոչ։ Գաղափար կա, որ այս միջոցառումն ամենամյա լինի, և երեկ տեսանք նաև միջավայրը, ու մտադրություն կա այն ավելի ընդարձակ մշակութային միջոցառում դարձնելու։
Ես ուզում եմ ծափերով ողջունել բոլոր մասնակից խմբերին։ Ես գործնականում ամբողջ միջոցառման ընթացքում ներկա էի և մեծ հետաքրքրությամբ հետևում էի։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև մեր ժյուրիի անդամներին, որոնք կատարել են իրենց աշխատանքը։
Ի դեպ, կա նաև այսպիսի գաղափար՝ տարեվերջին «Վարչաֆեստ»-ի լավագույն մասնակիցների մասնակցությամբ գալա համերգ կազմակերպել։ Կարծում եմ՝ դա լավ հնարավորություն կլինի, որպեսզի այսօրվա միջոցառումը նաև շարունակություն և զարգացում ստանա»,- ասաց վարչապետը:
Նա շնորհակալություն հայտնեց փառատոնի բոլոր մասնակիցներին, ժյուրիի անդամներին և միջոցառման կազմակերպմանն աջակցած գործընկերներին։
«Վարչաֆեստ 2026»-ը եզրափակվեց հաղթող՝ «Red Line» ռոք խմբի ելույթով և շքեղ հրավառությամբ:
2026 թվականի օգոստոսի 21-ին և 22-ին Սևանա լճի ափին՝ Sevan Festival City-ի տարածքում անցկացվել է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնը՝միավորելով երիտասարդ երաժշտախմբերին, կենդանի երաժշտության սիրահարներին և ոլորտի ներկայացուցիչներին մեկ հարթակում։
«Վարչաֆեստ 2026»-ի հիմնական նպատակն էր բացահայտել, խրախուսել և աջակցել Հայաստանի երիտասարդ երաժշտախմբերին, նպաստել կենդանի երաժշտության զարգացմանը, ստեղծել ստեղծագործական համագործակցության և մասնագիտական աճի նոր հնարավորություններ, ինչպես նաև ձևավորել ամենամյա մշակութային իրադարձություն, որը կնպաստի Հայաստանի երաժշտական կյանքի ակտիվացմանն ու միջազգային ճանաչելիության բարձրացմանը։
«Վարչաֆեստ 2026»-ի մրցութային փուլին նախորդել են կենդանի լսումներ Հայաստանի տարբեր մարզերում, որոնց մասնակցել են երիտասարդ երաժիշտներից կազմված շուրջ 100 խմբեր:
Մրցութային բոլոր փուլերում մասնակիցների կատարումները գնահատել է ոլորտի ճանաչված մասնագետներից կազմված ժյուրին՝ապահովելով ընտրության մասնագիտական և անաչառ ընթացքը։ «Վարչաֆեստ 2026»-ի ժյուրիի կազմում ընդգրկված են Վահագն Հայրապետյանը, Կառլ Մանուկյանը, Վահագն Գևորգյանը, Նարինե Զարիֆյանը և Մհեր Մանուկյանը։
Լսումների արդյունքներով նախ ընտրվել են 50 լավագույն խմբերը, իսկ եզրափակիչ փուլ անցել են 20 երաժշտախմբեր: Հաղթողները որոշվել են ինչպես պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատականների, այնպես էլ ներկա հանդիսատեսի քվեարկության արդյունքներով։ Փառատոնի մրցանակային ֆոնդը կազմում է 10 մլն դրամ՝ նախատեսված գլխավոր, առաջին, երկրորդ և երրորդ մրցանակակիրների համար․
Գլխավոր մրցանակ՝ 4 000 000 ՀՀ դրա
Առաջին մրցանակ՝ 3 000 000 ՀՀ դրամ
Երկրորդ մրցանակ՝ 2 000 000 ՀՀ դրամ
Երրորդ մրցանակ՝ 1 000 000 ՀՀ դրամ։