8 րոպեի ընթերցում
2026 թվականի առաջին կիսամյակում ՆԳՆ փրկարար ծառայության գործունեության արդյունքներին ու վիճակագրական տվյալներին նվիրված ասուլիս
Հայաստանում 2026թ. առաջին կիսամյակում գրանցվել է 569 տարերային բնույթի արտակարգ դեպք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նման դեպքերի թիվն աճել է 160-ով կամ 39.1%-ով։ Այդ աճը պայմանավորվել է հեղեղման (17-ով կամ 9.5 անգամով), քարաթափման (64-ով կամ 2.7 անգամով), սողանքի (9-ով կամ 5.5 անգամով), ձնաբքի (50-ով կամ 5.5 անգամով), մերկասառույցի (92-ով կամ 78%-ով), առատ ձյան (22-ով կամ 2.6 անգամով), կայծակի (3-ով) և տեղատարափ անձրևի (7-ով կամ 38.9%-ով) ենթադասերում գրանցված աճերով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտնեց ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Ղազարյանը։
Նրա տեղեկացմամբ՝ գրանցվել է հեղեղման և գետերի վարարման 19 դեպք (2025թ.՝ 2)։ 16 դեպքում հեղեղման պատճառ է հանդիսացել գետերի վարարումը, 2-ում՝ ձնհալը, 1-ում՝ հորդառատ անձրևը: Գետերի վարարման 3-ական դեպք գրանցվել է Լոռու (Փամբակ (2) և Չիչխան գետեր) և Արարատի (Վեդի, Սևջուր և Ազատ գետեր), 2-ական՝ Գեղարքունիքի (Մասրիկ գետ), Սյունիքի (Մեղրի և Նորաշենիկ գետեր), Արագածոտնի (Քասախ և Ամբերդ գետեր) և Վայոց ձորի (Եղեգիս գետ), 1-ական՝ Տավուշի (Խնձորուտ գետ) և Կոտայքի (Ակունք գետ) մարզերում։
«Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է քարաթափման 102 դեպք (2025թ.՝ 38)։ 2025թ. նույն ժամանակահատվածի համեմատության գրանցվել է քարաթափումների թվաքանակի զգալի աճ ՝ 64-ով։ Դիտարկվող ժամանակահատվածում առավելագույն ցուցանիշ է գրանցվել Սյունիքի մարզում՝ 34 դեպք. մասնավորապես՝ 10 դեպք գրանցվել է Կապան քաղաքում, 17-ը՝ Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհի տարբեր կիլոմետրերին, 5 դեպք՝ Կապան-Քաջարան ավտոճանապարհին և 1-ական՝ Գորիս-Որոտան և Հալիձորից Սատանի կամուրջ տանող ավտոճանապարհներին։
Հանրապետության ավտոճանապարհների վտանգավոր հատվածներում առաջին կիսամյակի ընթացքում ՆԳՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից իրականացվել է 12 հարկադիր քարաթափում, որից Արարատի մարզում՝ 1, Գեղարքունիք՝ 3 և Կոտայքի մարզում՝ 8։ Հարկադիր քարաթափման աշխատանքները կրում են պարբերական բնույթ»,- նշեց Ղազարյանը։
Նա հավելեց, որ 2026թ. առաջին կիսամյակում հանրապետությունում գրանցվել է սողանքի 11 դեպք (2025թ.՝ 2): 3 դեպք գրանցվել է Սյունիքի մարզում. Կապան քաղաքում հորդառատ անձրևներից ակտիվացել է սողանքային երևույթ, ինչի հետևանքով մոտ 1 խմ հողազանգված և փոքր ծառեր հայտնվել են ճանապարհի երթևեկելի գոտում։
Տաթև-Լծեն ավտոճանապարհին ակտիվացել է սողանք, ինչից հողազանգվածը լցվել է ավտոճանապարհի երթևեկելի հատված՝ երկկողմանի փակելով այն։
Կապան-Ճակատեն ավտոճանապարհին ակտիվացել է սողանք, ինչի հետևանքով 50 խմ հողազանգված լցվել է ավտոճանապարհ՝ դարձնելով այն միակողմանի երթևեկելի։
6 դեպքում սողանքներն ակտիվացել են Կոտայքի մարզում, որից 3-ը՝ Աղվերան - Արզական ավտոճանապարհի տարբեր կիլոմետրերին, 1-ական Արզական-Բջնի ավտոճանապարհի 2 կմ-ին, Հրազդան քաղաքում և Աղվերան համայնքում. բոլոր դեպքերում հողազանգվածը լցվել է ավտոճանապարհի երթևեկելի հատված՝ խոչընդոտելով երթևեկությանը։
1 դեպք գրանցվել է Երևանում. ճանապարհահատվածում առաջացել է մոտ 4 քմ մակերեսով սողանք, ինչից էլեկտրական սյունը կորցրել է կայունությունը։
1 դեպք Վայոց ձորի մարզում ակտիվացել է սողանք, ինչից մոտ 200 խմ հողազանգված սահել և փակել է հանդամիջյան ճանապարհը, արմատախիլ են եղել 15 պտղատու և 20 դեկորատիվ ծառեր։
«Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է ուժեղ քամու 45 դեպք (2025թ.՝ 62): Վտանգավոր տարերային երևույթի 3 դեպք գրանցվել է հունվար, 8-ը՝ փետրվար, 5-ը՝ ապրիլ, 11-ը՝ մայիս և 18-ը՝ հունիս ամիսներին:
2025թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ գրանցվել է ուժեղ քամիների նվազում՝ 17-ով, 27.4%-ով: Ուժեղ քամու 7 դեպք արձանագրվել է մայրաքաղաքում, 8-ը՝ Լոռու, 6-ը՝ Արագածոտնի, 7-ը՝ Գեղարքունիքի, 3-ական` Արմավիրի, Սյունիքի, Տավուշի և Կոտայքի, 2-ական՝ Արարատի և Վայոց ձորի, 1-ը՝ Շիրակի մարզերում: Վնասվել են ընդհանուր առմամբ 87 շինության տանիք, 19 տրանսպորտային միջոց, 45 ծառ և 7 էլեկտրական սյուն»,- մանրամասնեց Ղազարյանը:
2026թ. առաջին կիսամյակում հանրապետությունում գրանցվել է կարկուտի 13 դեպք (2025թ.՝ 30)։ 2025թ. հաշվետու ժամանակահատվածի համեմատությամբ կարկտահարման դեպքերի թվաքանակում գրանցվել է նվազում` 17-ով կամ 56.7%-ով:
3-ական դեպք գրանցվել է Լոռու և Շիրակի, 2-ական` Գեղարքունիքի և Տավուշի, 1-ական՝ Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերում: Կարկուտի հետևանքով վնասվել են պտղատու այգիներ, մշակաբույսեր, ցանքատարածություններ, բանջարաբոստանային կուլտուրաներ, արևային կայաններ, 3409 տրանսպորտային միջոց, 1487 շինության տանիք։
Ձնաբքի, բքի, առատ ձյան և մերկասառույցի առաջացմամբ պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 307 դեպք (2025թ․՝ 133): Փրկարարները ոստիկանության և ՃՇՇ աշխատակիցների հետ համատեղ արգելափակումից դուրս են բերել 2202 տրանսպորտային միջոց, անվտանգ տարածք է տեղափոխվել 5122 մարդ:
Սոցիալ-կենսաբանական արտակարգ դեպքեր, պատահարներ։
Հանրապետությունում 2026թ. առաջին կիսամյակում գրանցվել է 1115 սոցիալ-կենսաբանական արտակարգ դեպքեր: 2025թ. հաշվետու ժամանակահատվածի համեմատությամբ դեպքերը կազմել են 1381, նվազելով 266-ով կամ 19.3%-ով։
Սոցիալ-կենսաբանական արտակարգ դեպքերի ենթադասերում ցուցանիշները կրել են ինչպես աճի, այնպես էլ նվազման միտումներ։
Ինչպես 2003-2025թթ., այնպես էլ հաշվետու ժամանակահատվածում տվյալ դասում արտակարգ դեպքերի գերակշիռ մեծամասնությունը՝ 90.2%-ը, բաժին է ընկել մարդկանց շրջանում թունավորումներին (2025թ.՝ 94%-ը): Հարաբերական բարձր ցուցանիշներ են գրանցվել Արմավիրի (176 դեպք) և Արարատի (135 դեպք) մարզերում։
2026թ. առաջին կիսամյակում հանրապետության ջրային ավազաններում գրանցվել է ջրահեղձման 4 դեպք (2025թ.՝ 7), ինչից զոհվել է 6 մարդ:
«2026 թվականի հունվարի 1-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ՓԾ հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչությունում գրանցվել է 1312 զանգ, 912-ը՝ հոգեբանական, 400-ը՝ բժշկական խորհրդատվության վերաբերյալ։
Վերոնշյալ ժամանակահատվածում հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության ծառայողները հոգեբանական և բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով իրականացրել են ընդհանուր թվով 130 ելք /մեկնում դեպքի վայր/ հոգեբանական մասով՝ 106 (նախորդ տարվա նույն ժամանակահատված՝ 87) և բժշկական մասով՝ 24»,- տեղեկացրեց ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարը։