«Ծովինար» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների երեք տեսակի արտադրությունը կասեցվել է
2 րոպեի ընթերցում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության արդյունքում կասեցվել է «Ծովինար» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների երեք տեսակի արտադրությունը։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, վերահսկողական միջոցառումն իրականացվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրում՝ անհատ ձեռնարկատեր Աիդա Քոչարյանին պատկանող արտադրամասում։ Վերահսկողության ընթացքում արտադրատեսակներից նմուշներ են վերցվել լաբորատոր փորձաքննության նպատակով։
Փորձաքննության արդյունքներով՝ արձանագրվել է, որ արտադրանքի որոշ նմուշներ չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված պահանջներին։
Մասնավորապես, «Գազավորված ըմպելիք բարբարիսի համով» արտադրատեսակի նմուշում սահմանված պահանջներին չեն համապատասխանել «մեզոֆիլ աէրոբ մանրէների քանակ» (ՄԱՄՔ) և «խմորասունկ/բորբոսասունկ (գումարային)» ցուցանիշները։
«Գազավորված ըմպելիք տանձի համով» և «Գազավորված ըմպելիք թարխունի համով» արտադրատեսակների նմուշները չեն համապատասխանել «մեզոֆիլ աէրոբ մանրէների քանակ» (ՄԱՄՔ) ցուցանիշի սահմանված պահանջներին։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ նշված երեք արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է։
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է համապատասխան ժամկետ։