2 րոպեի ընթերցում
Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Չո Հյոնը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
«Ցանկանում եմ իմ անկեղծ շնորհավորանքները հղել Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Հաճույքով եմ արձանագրում մեր երկրների միջև հարաբերություններում տարիների ընթացքում գրանցված կայուն առաջընթացը։ Հաջորդ տարի Հայաստանի և Կորեայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակի կապակցությամբ ակնկալում եմ Ձեզ հետ սերտ համագործակցություն՝ երկու երկրների և ժողովուրդների միջև բարեկամական ու համագործակցային կապերն առավել ընդլայնելու նպատակով»,– ասվում է Չո Հյոնի շնորհավորական ուղերձում։
Հայաստանի կառավարությունը օգոստոսի 2-ին հրաժարական էր ներկայացրել, քանի որ այդ օրը մեկնարկել էր հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված խորհրդարանի առաջին նստաշրջանը։ Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ նոր խորհրդարանի առաջին նստաշրջանի մեկնարկի օրը ՀՀ կառավարությունը պետք է հրաժարական ներկայացնի ՀՀ նախագահին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 2-ին ստորագրել էր ՀՀ կառավարության հրաժարականի դիմումը, որն ուղարկվել էր ՀՀ նախագահի աշխատակազմ։ Նախագահը հաստատել էր Կառավարության հրաժարականը, որից հետո արդեն նոր ձևավորված խորհրդարանում մեծամասնություն ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչապետի պաշտոնում ներկայացրել էր Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, ինչի հիման վրա էլ ՀՀ նախագահը Փաշինյանին վերանշանակել էր վարչապետի պաշտոնում։
Օգոստոսի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշանակել էր նաև նախարարներին և փոխվարչապետերին։ Արարատ Միրզոյանը վերանշանակվել էր ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում։