Իրան

ԱՄՆ-ն գաղտնի կերպով երթուղի է ստեղծել Հորմուզի նեղուցով նավթի արտահանման համար. Axios

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն գաղտնի կերպով երթուղի է ստեղծել Հորմուզի նեղուցով նավթի արտահանման համար. Axios

ԱՄՆ-ի զինվորականները գաղտնի կերպով նավագնացության միջանցք են ստեղծել Հորմուզի նեղուցում՝ այդտեղով օրական միլիոնավոր բարել նավթ փոխադրելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրների։

«Մենք արդեն երկու ամիս է, ինչ վերահսկում ենք Հորմուզի նեղուցի հարավային նավարկուղին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) կարող է անհարմարություններ պատճառել, բայց նա չի վերահսկում նեղուցը։ Դա մենք ենք անում», - հրատարակությանն ասել է ամերիկացի պաշտոնյաներից մեկը։

Աղբյուրների խոսքով՝ նեղուցից օրական դուրս է բերվում շուրջ 10 միլիոն բարել նավթ։ Սա պատերազմից առաջ եղած ծավալի մոտավորապես կեսն է, հաղորդում է Axios-ը։

Աղբյուրները հավելել են, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում եղել են գիշերներ, երբ Պարսից ծոցից արտահանվել է 15-20 միլիոն բարել նավթ։

Նշվում է, որ օպերատիվ խումբը, որը վերահսկում է Հորմուզի նեղուցը, տեղակայված է Հյուսիսային Կարոլինայի նահանգի Ֆորտ Բրեգգ քաղաքի ցամաքային զորքերի կենտրոնակայանում: Այն իր գործողությունները համակարգում է Պարսից ծոցի տարածաշրջանային գործընկերների հետ։

Աղբյուրները նշել են, որ Իրանի իշխանություններն այժմ կարողանում են մոնիթորինգ իրականացնել միայն մի քանի ռադարի միջոցով, որոնք նրանց հաջողվել է վերականգնել, ինչպես նաև ԻՀՊԿ-ի փոքր արագընթաց նավակներում գտնվող դիտորդների օգնությամբ։

Axios-ի զրուցակիցները հայտնել են, որ չնայած նեղուցից արտահանվող նավթի ծավալն առաջվա պես ավելի ցածր է նախապատերազմյան մակարդակի համեմատ, սակայն այս փոխադրումներն էական ազդեցություն են ունենում համաշխարհային մատակարարումների վրա։

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում