Կամբոջայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին պաշտոնում վերանշանակվելու առթիվ

2 րոպեի ընթերցում

Կամբոջայի Թագավորության փոխպարչապետ, արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պրակ Սոխոնը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ 

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Սոխոնը նշել է, որ Կամբոջան և Հայաստանը բարեկամության և սերտ համագործակցության կապեր ունեն, որոնք ավելի քան երեք տասնամյակ կառուցված են ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա։

«Այս հարաբերություններն ավելի են ամրապնդվել մեր երկու նախարարությունների միջև առկա երկխոսության մեխանիզմների շնորհիվ։ Համոզված եմ, որ համատեղ աշխատանքի շնորհիվ մեր երկկողմ կապերն ու գործընկերությունն առաջիկա տարիներին առավել կզարգանան և կբարձրացվեն նոր մակարդակի՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարօրության»,- ասված է ուղերձում։

Հայաստանի կառավարությունը օգոստոսի 2-ին հրաժարական էր ներկայացրել, քանի որ այդ օրը մեկնարկել էր հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված խորհրդարանի առաջին նստաշրջանը։ Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ նոր խորհրդարանի առաջին նստաշրջանի մեկնարկի օրը ՀՀ կառավարությունը պետք է հրաժարական ներկայացնի ՀՀ նախագահին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 2-ին ստորագրել էր ՀՀ կառավարության հրաժարականի դիմումը, որն ուղարկվել էր ՀՀ նախագահի աշխատակազմ։ Նախագահը հաստատել էր Կառավարության հրաժարականը, որից հետո արդեն նոր ձևավորված խորհրդարանում մեծամասնություն ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչապետի պաշտոնում ներկայացրել էր Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, ինչի հիման վրա էլ ՀՀ նախագահը Փաշինյանին վերանշանակել էր վարչապետի պաշտոնում։

Օգոստոսի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշանակել էր նաև նախարարներին և փոխվարչապետերին։ Արարատ Միրզոյանը վերանշանակվել էր ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում։ 

Հայերեն English Español Русский