Ռուսաստան

ՌԴ ԱԳՆ-ում Ճապոնիայի դեսպանին բողոք են հայտնել Տոկիոյի հակառուսական հայտարարարությունների կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ՌԴ ԱԳՆ-ում Ճապոնիայի դեսպանին բողոք են հայտնել Տոկիոյի հակառուսական հայտարարարությունների կապակցությամբ

Մոսկվայում Ճապոնիայի դեսպան Ակիրա Մուտոն 25 րոպե Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում գտնվելուց հետո հեռացել է այնտեղից՝ առանց մեկնաբանությունների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Դիվանագետը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն՝ Կուրիլյան Իտուրուպ կղզի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կատարած ուղևորության պատճառով Տոկիոյի հայտնած բողոքից հետո։

Ռուսաստանի արտգործնախարարությունը դեսպանի այցից հետո հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը խիստ բողոք է հայտնել ճապոնացի դիվանագետին՝ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի և արտաքին գործերի նախարար Տոշիմիցու Մոտեգիի կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Իտուրուպ կղզի կատարած այցի վերաբերյալ արված հակառուսական հայտարարությունների կապակցությամբ։

Ըստ գերատեսչության՝ Ակիրա Մուտոյին տեղեկացվել է, որ Մոսկվան իրավունք ունի ձեռնարկելու համապատասխան հակամիջոցներ՝ Տոկիոյի կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների և Կիևին աջակցության պատճառով։

Բացի այդ, ըստ հաղորդագրության, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում Ճապոնիայի դեսպանին տեղեկացրել են, որ ՌԴ ինքնիշխանությունն ու իրավասությունը Հարավային Կուրիլյան կղզիների նկատմամբ անձեռնմխելի են։

Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ դեսպանը կանչվել է նախարարություն, սակայն Ճապոնիայի դեսպանությունում ասել են, որ նա չի կարողանա այցելել գերատեսչություն ո՛չ օգոստոսի 14-ին, ո՛չ էլ 17-ին՝ այդպես էլ հստակ չբացատրելով պատճառը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Ճապոնիայի կապիտուլյացիայից հետո Կուրիլյան կղզիներն անցել են Ռուսաստանի վերահսկողության տակ, սակայն Տոկիոն չի ճանաչում Ռուսաստանի ինքնիշխանությունը Կուրիլյան արշիպելագի հարավային չորս կղզիների նկատմամբ: Պուտինն օգոստոսի 13-ին այցելել էր Կուրիլյան Իտուրուպ կղզի, ինչը Տոկիոյում շատ բացասական էր ընդունվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում