1 րոպեի ընթերցում
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին բնակավայրում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են Գայի փողոցի հիմնանորոգման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Գագարինի Գայի փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 116 միլիոն 400 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է Գայի փողոցի ասֆալտապատում՝ 10980 քմ տարածքով, մայթերի սալիկապատում, եզրաքարերի և վաքերի տեղադրում, ջրահեռացման համակարգի կառուցում:
Օգոստոսին մեկնարկած շինարարական աշխատանքները կավարտվեն հոկտեմբերին։
«Գայի փողոցի ասֆալտապատման աշխատանքների իրականացումը մեր համայնքի ճանապարհաշինական առաջնահերթությունների ցանկում էր, որի լուծմամբ բնակավայրը կունենա բարեկարգ և ներկայանալի ևս մեկ փողոց»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից: