Աշխարհ

Կոլումբիայում երկրաշարժից վնասը գնահատվում է 9,6 միլիարդ դոլար

2 րոպեի ընթերցում

Կոլումբիայում երկրաշարժից վնասը գնահատվում է 9,6 միլիարդ դոլար

Կոլումբիայում օգոստոսի 10-ին տեղի ունեցած երկրաշարժից ուղղակի նյութական վնասը գնահատվում է 30 տրիլիոն պեսո (9,6 միլիարդ դոլար): «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի նախագահ Աբելարդո դե լա Էսպրիելյան։

«Արդեն կա այդ ամբողջ աղետի տնտեսական մասշտաբի առաջին տեխնիկական գնահատումը: Մասնավոր ընկերությունը հաշվարկել է Չոկոյում, Վալիե դել Կաուկայում, Ռիսարալդայում, Կինդիոյում և Կալդասում ուղղակի նյութական վնասը, որը մոտենում է 30 տրիլիոն պեսոյի, որից 24,5 տրիլիոն պեսոն (խմբ.՝ 7,8 միլիարդ դոլար) բաժին է ընկնում շենքերին և 5,5 տրիլիոնը (խմբ.՝ 1,8 միլիարդ դոլար)՝ ենթակառուցվածքներին: Սրանք նախնական թվեր են», - նրա ուղերձից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Պետության ղեկավարը նշել է, որ չնայած Չոկոյի նահանգում վնասը բացարձակ թվերով ավելի քիչ է, քան մյուս տարածաշրջաններում, հենց այնտեղ է, որ համամասնական վնասը ամենամեծն է:

Ինչպես հայտնել է նախագահը, վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է 289 մարդ, 4187-ը՝ վիրավորվել, անհետ կորած է 142 մարդ։ Ավերվել է 26 945 տուն, վնասվել՝ 127 557-ը։ Օգնություն ցուցաբերելու համար Կոլումբիա է ժամանել 138 օտարերկրյա փրկարար ԱՄՆ-ից, Էկվադորից և Իսրայելից։

7,4 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Չոկոյի Սան Խոսե դել Պալմար քաղաքի մերձակայքում, որը գտնվում է Կոլումբիայի արևմուտքում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում