Անմեղ խաղից մինչև կիբեռբուլինգ․ ինչպես պաշտպանել երեխաներին առցանց վտանգներից

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՆԳՆ Կիբերոստիկանությունից զգուշացնում են, որ ժամանակակից առցանց (օնլայն) խաղերը միայն ժամանցի վայր չեն։ Դրանք հաճախ վերածվում են հաղորդակցման հարթակների, որտեղ երեխաները կարող են հանդիպել անծանոթների և ենթարկվել կիբեռբուլինգի (առցանց հետապնդման և ծաղրի) կամ հոգեբանական ճնշումների։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ​ ՀՀ ՆԳՆ Կիբերոստիկանությունից նշում են, որ անմեղ թվացող խաղերում թաքնված են բազմաթիվ ռիսկեր, օրինակ՝ անձնական տվյալների արտահոսք. Երեխաները հավատում են առցանց «ընկերներին» և փոխանցում լուսանկարներ, հեռախոսահամարներ կամ այլ զգայուն տեղեկություններ։

Լուսանկարներն ու տվյալները հաճախ տարածվում են այլ սոցիալական ցանցերում (օրինակ՝ Telegram-ի փակ կամ բաց խմբերում)՝ երեխային ծաղրի ենթարկելու նպատակով, իսկ երկարատև ճնշումը կարող է հասցնել երեխային ուժեղ սթրեսի, ագրեսիայի կամ ինքնավնասման մտքերի։

​Հաշվի առնելով վերոնշյալը, գերատեսչությունից հորդորում են ծնողներին խոսել երեխայի հետ, բացատրել, որ առցանց «խաղընկերը» իրական ընկեր չէ։ Երբեք չի կարելի անծանոթներին ուղարկել անձնական լուսանկարներ կամ տվյալներ։

Վերահսկել անվտանգությունը, ստուգել խաղերի և մեսենջերների գաղտնիության կարգավորումները (Privacy Settings), սահմանափակել անծանոթների կողմից նամակներ ուղարկելու հնարավորությունը։ Վստահեցնել երեխային, որ ցանկացած սպառնալիքի կամ ծաղրի դեպքում նա կարող է դիմել իրեն և չի պատժվի։

​Երևույթին տալ ճիշտ արձագանք, ծաղրի կամ սպառնալիքի հանդիպելիս՝ պահպանել ողջ նամակագրությունը, արգելափակել նամակ ուղարկողին և չմտնել փոխադարձ սպառնալիքներ պարունակող նամակագրության մեջ։

​Կիբերոստիկանությունից նշում են, եթե ձեր երեխան ենթարկվել է առցանց հարձակման կամ կիբեռբուլինգի, անհապաղ դիմեք իրավապահ մարմիններին։

Հայերեն English Русский