Թուրքիա

Թրամփը հաստատել է լուրերը, որ սպառնալիքի պատճառով Թուրքիայից գաղտնի կերպով հեռացել է այլ ինքնաթիռով

3 րոպեի ընթերցում

Թրամփը հաստատել է լուրերը, որ սպառնալիքի պատճառով Թուրքիայից գաղտնի կերպով հեռացել է այլ ինքնաթիռով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունները, որ հուլիսի 8-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Թուրքիայից հեռանալիս փոխել է ինքնաթիռը՝ սպառնալիքի պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Օհայոյից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը։

«Դա ամբողջությամբ գաղտնի ծառայության գործն է։ Ես պարզապես շարժվում եմ նրանց ասածով։ Ես հետևում եմ գաղտնի ծառայության և զինվորականների հրահանգներին։ Նրանք ուզում էին, որ ես այլ չվերթով, այլ ինքնաթիռով մեկնեմ։ Անվտանգությունը նույնն էր, բայց նրանք ցանկանում էին, որ ես այդպես անեմ, ես էլ արեցի։ Ես անում եմ այն, ինչ նրանք են ասում», - ասել է Թրամփը։

«Կարծում եմ՝ ինչ-որ սպառնալիք կար։ Ես այդ մասին շատ հարցեր չեմ տվել։ Ես շատ սպառնալիքներ եմ ստանում», - հավելել է Թրամփը։  

Ըստ ամերիկյան մի շարք լրատվամիջոցների հրապարակումների՝ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Թրամփին սննդի մատակարարման բեռնատարով գաղտնի կերպով նախագահական ինքնաթիռից տեղափոխել են ռազմական ինքնաթիռ՝ Իրանի կողմից նրա դեմ մահափորձի սպառնալիքի պատճառով։ Հաղորդվել է, որ նույնիսկ նրա թիմի անդամների մի մասը տեղյակ չի եղել գործողության մասին։

Այս տեղեկություններից հետո որոշ հեռուստամեկնաբաններ հարց են հնչեցրել՝ արդյոք Թրամփի օգնականները և լրագրողները, որոնք թռչում էին նախագահական ինքնաթիռով, վտանգի տակ են եղել։ Լրագրողների հետ զրույցում Թրամփն անդրադարձել է նաև այս հարցին։

«Կարծում եմ՝ այն ինքնաթիռը, որով ես թռել եմ, իրականում ավելի մեծ վտանգի մեջ էր։ Կարծում եմ՝ այն ավելի մեծ վտանգի մեջ էր, քանի որ ավելի հավանական է, որ նրանք կթիրախավորեին հենց այդ ինքնաթիռը», - ասել է նա։

ՆԱՏՕ գագաթնաժողովը տեղի է ունեցել Անկարայում հուլիսի 7-8-ը։ Աղբյուրները նշել են, որ Թրամփը Թուրքիա է թռել Կատարի կողմից նվիրաբերված նոր նախագահական ինքնաթիռով։ Սակայն գագաթնաժողովից հետո նա նստել է հին Air Force One-ը՝ տեսախցիկների և լրագրողների առջև։ Թերթի աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ նախագահը, սակայն, Մեծ Բրիտանիա չի մեկնել այդ ինքնաթիռով. անձնակազմը գաղտնի տեղափոխել է Թրամփին երրորդ ինքնաթիռ, որը նույնպես մեկնել է Մեծ Բրիտանիա։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում