Մենք մեր սեփական աչքերով տեսնում ենք Հայաստանի ապագան. Փաշինյանը մասնակցել է Firebird AI-ի արհեստական բանականության գործարանի բացման արարողությանը

8 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հրազդանում մասնակցել է “Firebird AI” ընկերության արհեստական բանականության գործարանի բացման պաշտոնական արարողությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետ Փաշինյանը իր ելույթում շնորհավորել է ներկաներին արհեստական բանականության գործարանի բացման առթիվ՝ շեշտելով, որ դա հնարավոր է դարձել նաև 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ միջնորդությամբ Վաշինգտոնում կայացած Հայաստան-Ադրբեջան խաղաղության գագաթնաժողովի շնորհիվ։

«Նախ թույլ տվեք բոլորիս շնորհավորել այս իրադարձության և ընդհանրապես օգոստոսի 8 առիթով, որովհետև ես զգում եմ, որ օգոստոսի 8-ը գնալով ավելի ու ավելի ծանրակշիռ նշանակություն է ձեռք բերում Հայաստանի Հանրապետության պատմության մեջ։ Եվ  այն, ինչ այսօր տեղի է ունենում, իրականում շատ կարևոր, շատ ծանրակշիռ իրադարձություն է։ Երկար ժամանակ մենք կառավարությունում հրապարակային և ոչ հրապարակային քննարկում ենք կամ քննարկում էինք արագության մասին մեր պատկերացումները փոխելու անհրաժեշտությունը, և երբ նախորդ տարի Ռև Լեբարիդյանը (խմբ. Nvidia ընկերության փոխնախագահ), Ռազմիկ Հովակիմյանը (խմբ. Firebird AI ընկերության համահիմնադիր), Ալեքսանդր Եսայանը (խմբ. Firebird AI ընկերության համահիմնադիր) պատմում էին՝ մի տարվա ընթացքում և նույնիսկ ավելի քիչ ժամանակահատվածում նման նախագիծ իրականացնելու իրենց մտադրության մասին, պետք է խոստովանել, դա շատ տարօրինակ են հնչում և անսովոր։ Բայց գոնե ես ցույց չէի տալիս իմ զգացողություններն այդ առումով։ Եվ ահա այսօր մենք այստեղ ենք, ճշգրիտ պայմանավորված տեղը և ճիշտ ժամին։ Բայց պետք է արձանագրենք, թե ինչն է հնարավոր դարձել այս ամենը։Եվ, իհարկե, ակնհայտ է, որ 2025 թվականի օգոստոսի 8 Միացյալ Նահանգներում Սպիտակ տանը նախագահ Թրամփի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովը և դրա արդյունքը առանցքային նշանակություն ունեն այսօրվա իրադարձության համար։ Ես հիշում եմ, որ նախորդ տարի սեպտեմբերին մենք ստիպված էինք արդարանալ, որ Միացյալ Նահանգներից վերադարձել ենք տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտում ընդամենը մտադրությունների հուշագիր ստորագրած լինելով, որովհետև շատերին համոզիչ չէր թվում մեր այս այն փաստարկը, թե այդ մտադրությունների հուշագիրը ծանրակշիռ փաստաթուղթ է և շատ շուտով ունենալու է իր արդյունքը, և ահա արդյունքը այստեղ է»,- նշել է Փաշինյանը։

Փաշինյանը կրկին ընդգծել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ը շրջադարձային իրադարձություն է Հայաստանի և Ադրբեջանի համար։

«Ես այսօր, ի դեպ, զանգահարել եմ Ադրբեջանի նախագահին, և մենք խոսել ենք այսօրվա իրադարձության կարևորության մասին։ Սա իսկապես շրջադարձային նշանակություն ունեցող իրադարձություն է։ Պետք է արձանագրել, որ խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից։ Այդ իրադարձություններից հետո միջազգային գործակալությունները մեկը մյուսի հետևից վերանայում են Հայաստանի սուվերեն վարկանիշները, ըստ էության, շատ հստակ ուղերձ հղելով ներդրումային հանրությանը, որ Հայաստանը այն տեղն է, որտեղ կարելի է վստահ ներդրումներ անել»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելել է, որ առաջիկայում Հայաստանի կառավարությունը կենտրոնանալու է  մեկ այլկ հսկայածավալ ծրագրի՝ TRIPP նախագծի վրա, որը ևս 1 աստիճանով բարձրացնելու է Հայաստանի կշիռը միջազգային ներդրումային քարտեզում։  

Վարչապետի խոսքով՝ շատ հետաքրքիր է, թե ինչպես են քաղաքական և տնտեսական պրոցեսները իրար ուղեկցում։

«Մեր իրականության մեջ, ճիշտ է, տեսական մակարդակում շատ է խոսվել տնտեսության և քաղաքականության, ներդրումների և քաղաքականության փոխկապվածության մասին, բայց իրականության մեջ մենք դա հաճախ չէ, որ տեսել ենք։ Այսօրվա  իրադարձությունը շատ վառ օրինակ է. Միացյալ Նահանգների հետ ռազմավարական հարաբերությունների հաստատումից հետո, որը տեղի ունեցավ 2025 թվականի հունվարին,  իրադարձություններն արագացել են»,- նշել է նա։

Միջոցառմանը ներկա է եղել նաև  Ղազախստանի փոխվարչապետ Ժասլան Մադիևը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում հիշեցրել է, որ նախորդ շաբաթ հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահի հետ, իսկ օգոստոսի 7-ին Ղազախստանի վարչապետի հետ աշխատանքային քննարկումներ է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում։

«Այսօր Ղազախստանի փոխվարչապետը ներկա է այստեղ, ինչը մեզ համար մեծ ուրախություն է, և շնորհակալ ենք այդ ներկայության համար։ Այսօր Հայաստանի և Ղազախստանի միջև հարաբերությունները զարգանում են աներևակայելի տեմպերով, և սա շատ լավ օրինակ է, թե ինչպես է քաղաքականությունը փոխվում Հայաստանի Հանրապետությունում, ինչպես է քաղաքական ընկալումը փոխվում Հայաստանի Հանրապետությունում, ինչպես է պետություն հասկացությունը ինքը իրեն վերահաստատում Հայաստանի Հանրապետությունում»,- ասել է Փաշինյանը։

Նա անդրադարձել է նաև Հայաստան-սփյուռք համագործակցությանը՝ նշելով, որ Հրազդանում արհեստական բանականության գործարանի բացումը հենց այդ համագործակցության շատ լավ օրինակ է։

Նրա խոսքով՝ Ռև Լեբարեդյանն ու Ռազմիկ Հովակիմյանը, որոնք ներկայացնում են հայկական սփյուռքը, կենտրոնացած են ոչ թե Հայաստանին կարեկցելու, այլ Հայաստանի զարգացմանը մասնակցելու, Հայաստանի զարգացմանը իրենց նպաստը բերելու գործի վրա։

«Հարգելիներս, Հայաստանի Հանրապետությունը կարեկցանքի կարիք չունի, և սա ասում են պաշտոնապես։ Հայաստանի Հանրապետությունը ունի գործընկերության և գործակցության կարիք։ Հայաստանի Հանրապետությունը վստահելի գործընկեր է, և ես ուզում եմ ձեզ, սիրելի հայրենակիցներ, շնորհակալություն հայտնել կառավարության այս ուղերձին արձագանքելու համար։ Եվ  իսկապես շատ բարձր եմ գնահատում և մեծ պատիվ է ինձ համար, որ մենք այսօր խոսում ենք բոլորովին ուրիշ օրակարգերի մասին, որը պետության օրակարգ է, որը կյանքի օրակարգ է, որը ապագայի օրակարգ է, և նրա համար, որ ապագան հիմա է, այստեղ է, այսօր է, և դուք այսօր ձեր սեփական աչքերով տեսնում եք այդ ապագան։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այդ ապագան ստեղծել են»,- եզրափակել է վարչապետը։

Firebird ընկերությունը Հայաստանում գործարկել է ԱՊՀ տարածաշրջանի խոշորագույն ԱԲ գործարանը՝ ստեղծելով ԱԲ հաշվարկային նոր կենտրոն, որը հիմնված է NVIDIA-ի արագացված հաշվարկային տեխնոլոգիաների և Dell Technologies-ի բարձր արտադրողականությամբ ԱԲ ենթակառուցվածքի վրա։

ԱԲ գործարանները ԱԲ-ի դարաշրջանի հիմնարար ենթակառուցվածքներն են՝ ապահովելով անհրաժեշտ հաշվարկային հզորություններ՝ տարբեր ոլորտներում ԱԲ մոդելները լայնածավալ մասշտաբով ուսուցանելու, կատարելագործելու և կիրառելու համար։

Հրազդանում ԱԲ գործարանի բացման արարողության մասնակիցներին տեսաուղերձ է հղել NVIDIA ընկերության համահիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն Յենսեն Հուանը։  

Հայերեն English

Օգոստոսի 10-ի միջոցառումների անոնս

Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ

Սերբիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին

Մահացել է Լիոնել Մեսիի հայրը. Infobae

Նոր Նորք վարչական շրջանում քանդվել է ինքնակամ շինություն

Հայաստանի և Չինաստանի հարաբերությունները զարգանում են կայուն դինամիկայով. Վան Ին շնորհավորել է Արարատ Միրզոյանին

Ֆրանսիան հույս է հայտնել, որ Հայաստանը և Ադրբեջանը կստորագրեն ու կվավերացնեն խաղաղության համաձայնագիրը

Հիմնանորոգվում է Գտաշեն-Կամխուտ բնակավայրերն իրար միացնող կամուրջը

Մենք մեր սեփական աչքերով տեսնում ենք Հայաստանի ապագան. Փաշինյանը մասնակցել է Firebird AI-ի արհեստական բանականության գործարանի բացման արարողությանը

Հրազդանում գործարկվեց «Firebird AI» արհեստական բանականության գործարանը