Ադրբեջանը կարող է Հայաստանի հետ ստորագրել խաղաղության համաձայնագիրը՝ դրանից բխող երկկողմ իրավական գործընթացները թողնելով հետագային. թուրք դիվանագետ

10 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ում Թուրքիայի նախկին դեսպան, Անկարայի քաղաքականության կենտրոնի տնօրեն Ֆաթիհ Ջեյլանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերջնականացման համար ամուր հիմք կա։ 

Ֆաթիհ Ջեյլանն այդպիսի կարծիք է հայտնել «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում, որն անցկացվել է փոխանակման ծրագրով Հայաստանից լրագրողների խմբի՝ Թուրքիա այցի շրջանակներում։ 

Հարցին, թե արդյոք լավատե՞ս է Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման, Հարավային Կովկասում վերջնական խաղաղության հաստատման հարցում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը հրաժարվում է վերջնականապես ստորագրել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը՝ առաջ քաշելով Հայաստանի Սահմանադրությունը փոխելու նախապայմանը, ՆԱՏՕ-ում Թուրքիայի նախկին դեսպանը հիշեցրել է, որ 2025 թվականի մարտին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել էին խաղաղության համաձայնագրի բոլոր կետերի շուրջ համաձայնության գալու մասին, իսկ արդեն 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ, նախաստորագրել էին այն։ 

«Այնպես որ, ամուր հիմք կա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերջնականացման համար: Նաև ուղիղ առևտուր է սկսվել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Մենք պետք է խրախուսենք այս գործընթացը, որպեսզի հասցնենք այն ստորագրմանն ու վերջնականացմանը: Դա կարևոր է: Եվ դա մեծ շրջադարձային կետ կլինի Հարավային Կովկասում՝ այս տարածաշրջանի ապագայի համար շատ ավելի լավ հեռանկարով: Եվ դա չի սահմանափակվի միայն Հարավային Կովկասով: Դա կներառի նաև Կենտրոնական Ասիան: Կարծում եմ՝ Կենտրոնական Ասիայի հանրապետությունները նույնպես շահագրգռված են այս համաձայնագրի վերջնականացմամբ: Եվ քանի որ այժմ Միացյալ Նահանգներն է գործընթացում, Եվրոպական Միությունը իր կապակցվածության ծրագրերով նույնպես ներգրավված է, բոլորը սպասում են այս համաձայնագրի վերջնականացմանը: Եվ ստորագրվելուց հետո, կարծում եմ, սա կպարտավորեցնի երկու երկրներին անհրաժեշտ փոփոխություններ կատարել իրենց իրավական համակարգերում: Դա կլինի իրավական պարտավորություն թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար: Որքան շուտ Ադրբեջանը ստորագրի խաղաղության համաձայնագիրը, այնքան լավ կլինի ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, այլև Թուրքիայի և Վրաստանի համար: Կարծում եմ՝ դա կբարձրացնի տարածաշրջանային համագործակցության հեռանկարները, ավելի մեծ թափ կհաղորդի և ավելի ամուր հիմք կստեղծի»,- ասել է Ֆաթիհ Ջեյլանը:

Հարցին, թե արդյոք Բաքուն, ի վերջո, կհրաժարվի իր նախապայմանից և կստորագրի Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը, թուրք դիվանագետը պատասխանել է. 

«Հույս ունեմ: Վստահ եմ, որ նման երկխոսություններ տեղի են ունենում, թերևս հետնաբեմում, գուցե, թուրքական իշխանությունների և ադրբեջանական ղեկավարության միջև: Եվ, գուցե, ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի: Կան տարբեր շահագրգիռ կողմեր, ինչպիսիք են Եվրոպական միությունը, Միացյալ Նահանգները, Կենտրոնական Ասիայի երկրները: Այնպես որ, կարծում եմ, նման շփումներ համաձայնագիրը ստորագրելու ուղղությամբ Ադրբեջանին խրախուսելու համար, առկա են: Դա ընթացող գործընթացի մի մասն է, որը, հույս ունեմ, կտա կոնկրետ արդյունք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման տեսքով: Իրականում ամեն ինչ պատրաստ է: Գիտեմ սահմանադրական փոփոխությունների այս հարցի մասին, բայց դա կարող է տեղի ունենալ ժամանակի ընթացքում, որովհետև իրավական պարտավորություններ կլինեն երկու կողմերի համար էլ»: 

Նա կարծիք է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության համաձայնագրից բացի, կարող են ստորագրել նաև փոխըմբռնման հուշագիր այն մասին, որ այդ իրավական պարտավորությունները կյանքի են կոչելու։ Ըստ նրա՝ այդ փոփոխությունը հատկապես Հայաստանում հիմա չի կարող տեղի ունենալ՝ հաշվի առնելով երկրում վերջերս տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ 

«Թերևս նրանք կարող են ստորագրել արձանագրություն, փոխըմբռնման հուշագիր կամ այլ բան՝ հիմնված խաղաղության համաձայնագրի վրա: Սա կարևոր է և կարող է իրականացվել: Կարող են լինել որոշակի իրավական բանաձևեր, որոնք կմշակվեն երկկողմ համատեքստում կիրառվելու համար»,- ասել է Ջեյլանը:

Հարցին, թե չի կարող արդյոք Թուրքիան ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս գնա Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, թուրք դիվանագետը նշեց, որ Թուրքիան իր կողմից որոշակի քայլերով նման ճնշում գործադրում է։ Նրա գնահատմամբ՝ Թուրքիայի կողմից այդպիսի ճնշման քայլ կարելի է համարել, օրինակ, Թուրքիայի փոխնախագահի այցը Երևան և մասնակցությունը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, Անիի պատմական կամրջի վերականգնման, Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման մասին Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։ 

«Գուցե, սա կարելի է դիտարկել որպես ուղղակի կամ անուղղակի ճնշում, որը Թուրքիան գործադրում է Ադրբեջանի վրա՝ ասելով, որ մեզ անհրաժեշտ է այս համաձայնագրի ստորագրումը: Եվ, իհարկե, մենք տեղյակ չենք՝ արդյոք այս հարցերը քննարկվում են հետնաբեմում Անկարայի և Բաքվի միջև: Ես չեմ կարող մեկնաբանել դա: Բայց նայեք, թե ինչ է տեղի ունենում գործնականում: Անիի կամրջի նախագիծը, փոխնախագահի մասնակցությունը Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը, Կարսի երկաթուղային ենթակառուցվածքային համակարգի վերջնականացումը: Սրանք, որքանով ես կարող եմ գնահատել, Թուրքիայի կողմից գործադրվող որոշակի ճնշման նշաններ են»,- մանրամասնել է Ֆաթիհ Ջեյլանը:

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ տեղի կունենա, եթե Թուրքիան, օրինակ, ավելի ակտիվ և արագ գործի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում, ինչպիսի՞ն կլինի Ադրբեջանի արձագանքն այդ դեպքում՝ Ֆաթիհ Ջեյլանը կարծիք է հայտնել, որ դա կարող է որոշակի անհանգստություն առաջացնել Բաքվում։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը շատ տնտեսական և առևտրային կապեր ունի Թուրքիայում, և նրա ազդեցության մակարդակը Թուրքիայում շատ բարձր է: 

«Այնպես որ, այդ պարագայում նրանք կարող են տարբեր գործիքներ օգտագործել Թուրքիայի դեմ, ինչը կարող է ինչ-որ առումով թունավորել երկկողմ հարաբերությունները Անկարայի և Բաքվի միջև: Այս պատճառով Անկարան գործում է զգուշորեն՝ ուղարկելով այնպիսի ազդակներ, ինչպիսիք են մասնակցությունը Երևանի գագաթնաժողովին, Անիի կամրջի վերականգնումը, Թուրքիայի և Հայաստանի սահմանին ենթակառուցվածքների նախապատրաստումը: Սրանք յուրովի ուղերձներ են Բաքվին՝ ցույց տալով, որ «տեսեք, մենք պատրաստ ենք, արեք այն ամենը, ինչ կարող եք, որպեսզի ունենանք լիարժեք կարգավորում»: Եվ դա ոչ միայն Թուրքիայի, այլև Ադրբեջանի համար է, որովհետև դա շահավետ կլինի Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի, Թուրքիայի և Եվրոպայի համար: Կարծում եմ՝ այս ուղերձն ուղարկվում է գործնականում, և, գուցե, չեմ ուզում ենթադրություններ անել, դռնփակ հանդիպումներում և նման այլ ձևաչափերով»,- նշել է նա:

Ջեյլանը նաև այն կարծիքին է, որ Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին պետք է տեր լինեն երեք երկրները, ինչպես նաև Վրաստանը։ 

«Կարծում եմ՝ մի բան շատ կարևոր է: Նախ և առաջ մենք պետք է տեր կանգնենք այս գործընթացին: Բոլոր երեք երկրները, նաև Վրաստանը պետք է տեր լինեն տարածաշրջանային այս նախաձեռնությանը՝ համագործակցության տանող այս ուղուն: Սա կարևոր է: Մենք չպետք է բաց թողնենք այն թափը, որը վերջերս ստացել է Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման որոնումը: Եվ չմոռանանք Վրաստանի մասին՝ որպես տարածաշրջանային դերակատարի: Այդ ուղղությամբ տեսանելի առաջընթաց է գրանցվել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում: Կան նաև ենթակառուցվածքային որոշակի աշխատանքներ, որոնք ավարտված կլինեն, երբ սահմանները բացվեն: Կարծում եմ՝ սահմանների բացումը շրջադարձային կետ կլինի Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացում»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ, իհարկե, շատ կարևոր են նաև երկու երկրների տարբեր ինստիտուտների, մարդկանց միջև կապերը, տուրիզմի ուղղությամբ սերտ համագործակցությունը, մշակութային կապերի հաստատումը, ինչի շնորհիվ Հայաստանի և Թուրքիայի ժողովուրդների միջև վստահություն կձևավորվի միմյանց նկատմամբ: 

Ջեյլանի գնահատմամբ՝ վերը նշվածի առումով լավ հեռանկար կա տեսադաշտում, և որքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ կլինի Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի համար: 

«Այնպես որ, մենք պետք է տեր լինենք մեր տարածաշրջանին և առանց հապաղելու օգտագործենք համագործակցության մեխանիզմներն ու շրջանակները»,- եզրափակել է ՆԱՏՕ-ում Թուրքիայի նախկին դեսպանը։ 

Հայերեն English Español Русский

Երևանի աղբահանության համակարգը կհամալրվի նոր սերնդի 10 աղբատար մեքենայով

Գյումրիում «GAZelle» մակնիշի բեռնատար է այրվել

Եմենի հութիները հայտարարել են Ադենի ծոցում սաուդյան լցանավին հարվածելու մասին

Արամ Վարդևանյանը ներկայացրել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում իր գործունեության առաջնահերթությունները

ՆԳ նախարարը Սյունիքի սահմանային պահակակետերում հետևել է Ոստիկանության գվարդիայի ծառայողների հերթապահությանը

Իսրայելական հարձակումներից Լիբանանում վիրավորներ կան

Ուրուգվայում անցկացվել է «Հայաստանի արտահանման ներուժը․ նոր գործընկերություններ, նոր հնարավորություններ» խորագրով միջոցառում

Վարչապետ Փաշինյանը կառավարության աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար վերանայումների անհրաժեշտություն է տեսնում

Գլխավոր դատախազը ներկայացրել է, թե Երևանին և մարզերին մեկ տարում քանի այգի, զբոսայգի, պուրակ և անտառային տարածք է վերադարձվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին