Աշխարհ

ՄԱԿ-ում նախազգուշացրել են 49 միլիոն մարդու համար կլիմայական երևույթների բացասական հետևանքների մասին

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ում նախազգուշացրել են 49 միլիոն մարդու համար կլիմայական երևույթների բացասական հետևանքների մասին

Էլ Նինյոյի (խմբ.՝ օվկիանոսային-մթնոլորտային երևույթ, որն ազդեցություն է գործում գլոբալ կլիմայի վրա) հետևանքները կարող են առաջիկա երկու տարիներին հանգեցնել սովի մատնված մարդկանց թվի ավելացման գրեթե 50 միլիոնով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ), որը պատրաստվում է նախազգուշական միջոցներ ձեռնարկել։

Ինչպես ասվում է տարածված հայտարարության մեջ, 2015-2016 թվականների Էլ Նինյո երևույթն ազդել է 60-100 միլիոն մարդու պարենային անվտանգության վրա։ ՊՀԾ-ի նախնական վերլուծության համաձայն՝ 2026-2027 թվականներին դրա հետևանքները կարող են ժամանակահատվածի վերջում հանգեցնել սովի մատնված մարդկանց թվի ավելացման առնվազն 49 միլիոնով։

«Վերլուծությունը կենտրոնացած է եղել 45 երկրի վրա, որոնք արդեն համարվում են պարենի պակասից տուժած, որտեղ Էլ Նինյոն զգալի ազդեցություն կունենա տեղումների բնույթի, ջերմաստիճանի և հեղեղումների ու երաշտների առաջացման վրա։ Այդ երկրներում պարենի սուր պակաս ունեցող մարդկանց (ընտանիքներ, որոնք ունակ չեն  բավարարելու սննդի իրենց ամենօրյա կարիքները) ընդհանուր թիվը մոտավորապես 225 միլիոնից կաճի մինչև 274 միլիոն: Դա ավելացում է մոտավորապես  22%-ով։ Առավել մեծ ազդեցություն է սպասվում Կենտրոնական Ամերիկայի և Հարավային Աֆրիկայի որոշ մասերում, նաև զգալի հետևանքներ են կանխատեսվում Արևելյան Աֆրիկայում, Հարավային և Հարավարևելյան Ասիայում», - ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։

Պարենային անկայունության մակարդակի ամենակտրուկ տատանումներից մեկը, ՊՀԾ-ի գնահատումներով, կարող է դիտվել Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում։ Ինչպես սպասվում է, զգալի ռիսկերի կհանդիպի Արևելյան և Հարավային Աֆրիկայի բնակչությունը։ Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկան ​​նույնպես գտնվում է ռիսկի գոտում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում