ՌԴ ներկայացուցիչն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը
2 րոպեի ընթերցում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևն անդրադարձել է Կազմակերպությունում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է ռուսական «Ռիա Նովոստի» գործակալությունը, Վասիլևն ասել է, որ Հայաստանին ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից զրկելու համար կոնսենսուս կպահանջվի։
«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հերթական նիստն անցկացվելու է Մոսկվայում, նոյեմբերի 11-ին։ Եվ, հավանաբար, անդամ երկրների ղեկավարներն այդ հարցը կքննարկեն (խմբ. Հայաստանին ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից զրկելու հարցը)։ Այդ հարցով որոշումը, եթե դրա կարիքը լինի, կընդունվի կոնսենսուսով»,- ասել է նա։
ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը հավելել է, որ ՀԱՊԿ-ի կանոնադրության 25-րդ հոդվածն անդրադառնում է Կազմակերպության անդամ երկրների կողմից քվոտային պաշտոններում թեկնածուներ առաջադրելու հնարավորության, ինչպես նաև Կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքի կասեցմանն այն դեպքերում, երբ անդամ երկիրը երկու տարվա ընթացքում չի կատարում Կազմակերպության նկատմամբ ֆինանսական պարտավորությունները։
«Դե ֆակտո այսպիսի իրավիճակ է արդեն ավելի քան երկու տարի, քանի որ Հայաստանը իր քաղաքացիներին չի առաջադրում քվոտային պաշտոնների համար, ինչպես նաև հետ է կանչել իր ներկայացուցիչներին ՀԱՊԿ-ի միացյալ շտաբից»,- ասել է Վասիլևը։
Հայաստանը 2024 թվականի փետրվարից սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտնել էր France 24-ին տված հարցազրույցում՝ շեշտելով, որ ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։