Նեթանյահուն խոսել է Գազայի վերաբերյալ Թրամփի հետ ունեցած անհամաձայնության մասին
2 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ անհամաձայնություններ ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ կապված անցած շաբաթ Գազայի կայունացմանն ուղղված «Խաղաղության խորհրդի» (Board of Peace) համաձայնագրի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
«Նախագահ Թրամփի հետ տարաձայնություններ կան, և ես չեմ թաքցնում դրանք՝ կապված ՀԱՄԱՍ-ի հետ վերջերս ձեռք բերված համաձայնագրի վերաբերյալ», - ասել է Նեթանյահուն Խաղաղության խորհրդի գլխավոր բանագնաց Նիկոլայ Մլադենովի հետ հանդիպումից հետո։
Նա նաև հավելել է, որ «ՀԱՄԱՍ-ը պետք է զինաթափվի, իսկ Գազայի հատվածը՝ ապառազմականացվի, նախքան վերակառուցման փուլին անցնելը»։
Նախորդ շաբաթ Թրամփը հայտարարել էր, որ խորհուրդը ՀԱՄԱՍ-ի հետ ձեռք է բերել «պատմական» համաձայնություն, որի համաձայն պաղեստինյան խմբավորումը պետք է վայր դնի զենքը, իսկ իսրայելական զորքերը պետք է դուրս գան պատերազմից ավերված անկլավից։
Սակայն Իսրայելի դիմադրության ֆոնին Խաղաղության խորհուրդը հայտարարել է, որ Իսրայելի զորքերի դուրսբերումը Գազայից կսկսվի միայն ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափումից հետո։
«Իսրայելի պաշտպանության բանակի դուրսբերումը Դեղին գծից այն կողմ տեղի կունենա միայն զինաթափման գործընթացի ավարտից հետո, ինչպես ՀԱՄԱՍ-ը պարտավորվել է միջնորդների առջև։ Սա վերաբերում է ինչպես թեթև զինատեսակներին, այնպես էլ ծանր սպառազինությանը և թունելներին»,- նշվել է X-ում խորհրդի գրառման մեջ։