Ավելի քան 2 հազար այցելու. Ռոզա Գիսլադոտիրի «Ժամանակի արտացոլանքը» ցուցահանդեսը կամփոփվի ֆինիսաժով
2 րոպեի ընթերցում

Իսլանդացի ճանաչված արվեստագետ Ռոզա Գիսլադոտիրի «Ժամանակի արտացոլանքը» անհատական ցուցահանդեսը, որի շրջանակում ներկայացված է 223 արվեստի գործ, կեզրափակվի ֆինիսաժով (փակման արարողությանը), որը տեղի կունենա օգոստոսի 7-ին Արդի արվեստի կենտրոնում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին անգամ Հայաստանում և տարածաշրջանում ներկայացված լայնածավալ ցուցահանդեսում ներկայացված ցուցանմուշներն այցելուներին հնարավորություն են ընձեռում բացահայտել Ռոզա Գիսլադոտիրի ինքնատիպ գեղարվեստական լեզուն և խորհել ժամանակի, բնության, հիշողության և ժամանակակից աշխարհի փոփոխությունների շուրջ:
Շուրջ 2000 այցելուի համար իսլանդացի անվանի արվեստագետի «Ժամանակի արտացոլանքը» լայնածավալ ցուցահանդեսը դարձել է իսլանդական ժամանակակից արվեստի, ստեղծագործ մտքի և աշխարհընկալման հետ անմիջական հաղորդակցության հնարավորություն՝ ընդլայնելով մտահորիզոնը և բացահայտելով ընկալման նոր ուղիներ։
Ռոզա Գիսլադոտիրի առաջին անհատական ցուցահանդեսի շրջանակում հատուկ մայրաքաղաք Երևանի և քաղաքապետարանի ենթակայությամբ գործող արվեստային կառույցի համար ստեղծված հինգ աշխատանք նվիրաբերվել են քաղաքին և համալրել Արդի արվեստի կենտրոնի մշտական հավաքածուն։
Հայաստանում և տարածաշրջանում իսլանդական ժամանակակից արվեստին նվիրված և վերջինս հանրահռչակող «Ժամանակի արտացոլանքը» առաջին անհատական ցուցահանդեսի Ֆինիսաժը վերջին հնարավորությունն է այցելելու այս յուրօրինակ գեղագիտությամբ և մասնագիտական կարևոր շեշտադրումներով առանձնացող ցուցահանդես, հանդիպել արվեստագետ Ռոզա Գիսլադոտիրին և նրա հետ միասին ամփոփել այդ բացառիկ արվեստային նախագիծը՝ նշելով հայ-իսլանդական համագործակցության կարևորությունը։