Մշակույթ

ԵԹԿՊԻ-ի ուսանողները մասնակցել են Avignon Off միջազգային թատերական փառատոնին

2 րոպեի ընթերցում

ԵԹԿՊԻ-ի ուսանողները մասնակցել են Avignon Off միջազգային թատերական փառատոնին

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Թատրոնի ֆակուլտետի ուսանողները՝ Թատերարվեստի ամբիոնի դասախոս Իննա Հախնազարյանի ուղեկցությամբ օրերս Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում մասնակցել են Avignon Off միջազգային թատերական փառատոնի WYPPAM ծրագրին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագրի շրջանակում առաջին անգամ հայ ուսանողները Գրանդ Ավինյոնի կոնսերվատորիայում ներկայացրել են «Բևեռացում հասարակության մեջ» ներկայացումը (բեմադրությունը՝ Իննա Հախնազարյանի)։

Ուսանողները հուլիսի 21-23-ը մասնակցել են «Ժաք Լըքոք» միջազգային թատերական դպրոցի «Դերասան. խաղը շարժման մեջ» խորագրով աշխատարանին՝ ծանոթանալով ֆիզիկական թատրոնի և բեմական շարժման ժամանակակից մեթոդներին։ Մասնակցությունը փառատոնին ուսանողների համար դարձել է միջազգային թատերական միջավայրում հանդես գալու, նոր մասնագիտական փորձ ձեռք բերելու և ժամանակակից ֆրանսիական թատրոնի առանձնահատկություններին ծանոթանալու կարևոր հնարավորություն։

Ծրագրի շրջանակում նրանք խորացրել են իրենց գիտելիքները դերասանական ժամանակակից տեխնիկաների ուղղությամբ, զարգացրել մասնագիտական հմտություններն ու ընդլայնել ստեղծագործական պատկերացումները։ Ծրագրի մասնակից ուսանողները նշում են, որ Ավինյոնի միջազգային թատերական փառատոնին մասնակցությունը բացառիկ հնարավորություն էր՝ ներկայացնելու իրենց աշխատանքը միջազգային հարթակում, ծանոթանալու թատերարվեստի բազմազանությանը և շփվելու տարբեր երկրների արվեստագետների հետ։

Ուսանողների համար առանձնահատուկ է եղել նաև Ավինյոնի փառատոնային մթնոլորտը՝ արվեստով ապրող քաղաքը, բազմաթիվ ներկայացումները, փողոցային կատարումները և ստեղծագործական միջավայրը։ Նրանց խոսքով՝ նման ծրագրերը նպաստում են ոչ միայն մասնագիտական զարգացմանը, այլև աշխարհայացքի ընդլայնմանը, մշակութային երկխոսության ձևավորմանն ու սեփական արվեստը միջազգային հարթակում արժևորելուն։

Ծրագրին մասնակցությունը հնարավոր է դարձել ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում