Տիգրան Համասյանի համերգով բացվել է Պլովդիվի ամառային ջազ փառատոնը․ BTA
2 րոպեի ընթերցում

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։
Պլովդիվի ջազ փառատոնի ամառային շրջանը բացվել է հուլիսի 29-ին «Օրփեուս» ամառային կինոթատրոնում հայազգի դաշնակահար Տիգրան Համասյանի և նրա խմբի համերգով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունը (BTA)։
Պլովդիվում կայացած ելույթը Համասյանի եվրոպական շրջագայության մի մասն է։
«Շատ երկար ժամանակ է անցել Բուլղարիայում իմ վերջին ելույթից: Շնորհակալություն կազմակերպիչներին այս հանդիպումը հնարավոր դարձնելու համար և ձեզ բոլորիդ՝ այսօր այստեղ լինելու համար», - ասել է Համասյանը։
Դաշնակահարը համատեղում է ջազային իմպրովիզացիան, պրոգրեսիվ ռոքը և հայկական ժողովրդական երաժշտությունը:
Նա ծնվել է 1987 թվականին Գյումրիում, սկսել է նվագել երեք տարեկանից, իսկ 16 տարեկանում հաղթել է Մոնտրյոյի ջազ փառատոնի դաշնամուրային մրցույթում: Պլովդիվում նա կատարել է «Manifeste» ալբոմի երաժշտությունը՝ համատեղելով հայկական ժողովրդականը, պրոգրեսիվ ռոքը և երգչախմբային միստիցիզմը։
Պլովդիվի ջազ փառատոնի գեղարվեստական ղեկավար Միրոսլավա Կացարովան նշել է, որ Համասյանի և սաքսոֆոնահար Յան Գարբարեկի մասնակցությամբ երկու համերգների տոմսերը սպառվել են:
«Այս համերգները կրկին ինձ համոզեցին, որ Պլովդիվի ջազային համայնքի կառուցումն իրենից հսկայական արժեք է ներկայացնում», - հավելել է Կացարովան։
Գարբարեկը ելույթ կունենա «Օրփեուս» ամառային կինոթատրոնում հուլիսի 31-ին՝ հնդիկ հարվածային գործիքներ նվագող Տրիլոկ Գուրտուի, գերմանացի դաշնակահար Ռայներ Բրյունինգհաուսի և բրազիլացի բասիստ Յուրի Դանիելի հետ։
Նշվում է, որ փառատոնի աշնանային շրջանը տեղի կունենա Պլովդիվում 2026 թ. նոյեմբերի 6-8-ը։
Ամառային և աշնանային ծրագրերը ֆինանսավորվում են Բուլղարիայի մշակույթի նախարարության և Պլովդիվի քաղաքապետարանի կողմից և կազմում են 2026 թվականի Ազգային մշակութային օրացույցի և Պլովդիվի մշակութային օրացույցի մի մասը: BTA-ն փառատոնի մեդիա գործընկերն է: