Աշխարհ

Քաշմիրում բախումների զոհ է դարձել առնվազն 20 մարդ

2 րոպեի ընթերցում

Քաշմիրում բախումների զոհ է դարձել առնվազն 20 մարդ

Առնվազն 20 մարդ է զոհվել Քաշմիրի՝ Պակիստանի կողմից վերահսկվող հատվածում օրենսդիր մարմնի ընտրությունների առաջին փուլի անցկացման ընթացքում տեղի ունեցած բախումների ժամանակ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ The Times of India պարբերականը հաղորդում է, որ քվեարկության ժամանակ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և հասարակական «Ժողովրդական գործողությունների միացյալ կոմիտեի» (JAAC) ակտիվիստների միջև. կոմիտեն գլխավորում է տարածաշրջանում ընտրությունների կեղծման և ընտրական գործընթացին Պակիստանի դաշնային իշխանությունների միջամտութան դեմ բողոքի ցույցերը։

JAAC-ի կողմնակիցները բախման մեջ են մտել ոստիկանության աշխատակիցների հետ, որոնք կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ։

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Պակիստանի իշխանություններին՝ իրենց կողմից վերահսկվող Քաշմիրում ընտրությունների անցկացման համար։

«Այնտեղ տեղի ունեցող ցուցադրական ընտրարշավը Պակիստանի կողմից իր ապօրինի օկուպացիան քողարկելու և տարածաշրջանում մարդու իրավունքների լուրջ խախտումները թաքցնելու փորձ է», - հայտարարել է արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը։

Դիվանագետն ընդգծել է, որ Պակիստանն «անօրինական և բռնի կերպով օկուպացնում է Քաշմիրի շրջանները, որոնք Հնդկաստանի անբաժանելի և անօտարելի մասն են»։

Քաշմիրը Հնդկաստանի և Պակիստանի միջև տարածքային վեճի առարկա է 1947 թվականից, երբ անկախություն ստանալուց հետո Բրիտանական Հնդկաստանը բաժանվեց երկու պետության ՝ կրոնական հատկանիշով։ Այս պահին Քաշմիրում պետական ​​սահման չկա. նրա տարածքը բաժանված է վերահսկողության գծով, որը սահմանազատում է Հնդկաստանի և Պակիստանի կառավարման ներքո գտնվող շրջանները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում