Հայաստան

Հայաստանում կայանալիք COP17-ի Կանաչ գոտին կհյուրընկալի գիտական, մշակութային և բնապահպանական հարյուրավոր նախաձեռնություններ

4 րոպեի ընթերցում

Հայաստանում կայանալիք COP17-ի Կանաչ գոտին կհյուրընկալի գիտական, մշակութային և բնապահպանական հարյուրավոր նախաձեռնություններ

Հայաստանում կայանալիք COP17 համաժողովի շրջանակում հոկտեմբերի 19-30-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կգործի Կանաչ գոտին (Green Zone), որը նախատեսված է քաղաքացիական հասարակության, գիտական համայնքի, բիզնեսի և միջազգային գործընկերների մասնակցությամբ միջոցառումների անցկացման համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց COP17-ի Կանաչ գոտու գլխավոր համակարգող Լիլիթ Միդոյանը։

Նրա խոսքով՝ COP17-ն անցկացվելու է երկու հիմնական հարթակներում՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի քարտուղարության կառավարման ներքո գտնվող Կապույտ գոտում, որը տեղակայված կլինի «Մերիդիան» էքսպոկենտրոնում, և Կանաչ գոտում, որը կգործի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Երևանում կայանալիք COP17-ի Կանաչ գոտու (Green Zone) կազմակերպչական աշխատանքներին և առաջիկա անելիքներին նվիրված մամուլի ասուլիս

«Երկու գոտիների միջև կկազմակերպվեն տրանսֆերներ։ Կանաչ գոտին բաց կլինի ամեն օր ժամը 10:00-18:00-ն։ Այն ներառելու է մի քանի թեմատիկ ուղղություններ, այդ թվում՝ գիտական և ինովացիոն գոտի, որտեղ կներկայացվեն կենսաբազմազանության և բնապահպանության ոլորտի գիտական ու նորարարական նախագծեր, ինչպես նաև մշակութային գոտի, որտեղ հյուրերին կներկայացվի Հայաստանի մշակութային ժառանգությունը և կանցկացվեն տարբեր  միջոցառումներ»,-ասաց նա։

Միդոյանի խոսքով՝ Կանաչ գոտու ամբողջ 12-օրյա ծրագրի օրակարգը կձևավորվի Շրջակա միջավայրի նախարարության կողմից, սակայն հարթակը բաց կլինի նաև գործընկեր կազմակերպությունների համար, որոնք կարող են ներկայացնել սեփական նախաձեռնություններն ու միջոցառումները։ Սեսիաների հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 15-ն է։

«Հայտերը կգնահատվեն երեք հիմնական չափանիշով՝ գիտական հիմնավորվածության, բնապահպանական քաղաքականության հետ համապատասխանության և տեխնիկական իրագործելիության տեսանկյունից։ Անհատները չեն կարող հանդես գալ որպես սեսիայի կազմակերպիչ, սակայն կազմակերպությունները կարող են անցկացնել ինչպես բաց, այնպես էլ փակ միջոցառումներ։ Սեսիաները կարող են տևել 30, 60 կամ 90 րոպե»,-ասաց նա, հավելելով, որ  բոլոր նախաձեռնությունները պետք է նախապես ներկայացվեն էլեկտրոնային տարբերակով, միջոցառման վայրում կրիչներով չեն ընդունվելու։

Երևանում կայանալիք COP17-ի Կանաչ գոտու (Green Zone) կազմակերպչական աշխատանքներին և առաջիկա անելիքներին նվիրված մամուլի ասուլիս

Հնարավոր կլինի նաև առցանց բանախոսների մասնակցությունը։ Կանաչ գոտու միջոցառումներում կապահովվի հայերեն-անգլերեն և անգլերեն-հայերեն համաժամանակյա թարգմանություն, իսկ այլ լեզուներով թարգմանության անհրաժեշտության դեպքում այն պետք է ապահովեն միջոցառման կազմակերպիչները»,-ասաց Միդոյանը։

Կանաչ գոտում կգործի նաև շուրջ 90 լրատվամիջոցի ներկայացուցչի համար նախատեսված մամուլի սրահ։

Կանաչ գոտու համակարգողը հավելեց նաև, որ Մարզահամերգային համալիրի տրիբունաների հատվածում կտեղադրվի շուրջ 100 տաղավար։

«Դրանց վարձակալության արժեքը կազմում է 1 մլն 440 հազար դրամ՝ ներառյալ հարկերը, և նախատեսված է ամբողջ՝ 12-օրյա ժամանակահատվածի համար։ Կազմակերպիչները նաև խրախուսելու են տարածքում շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու մոտեցումները, այդ թվում՝ հնարավորինս սահմանափակելով պլաստիկի կամ բնությանը վնաս պատճառող այլ նյութերի օգտագործումը»,-եզրափակեց Միդոյանը։

2026 թվականի հոկտեմբերի 19–30-ը Հայաստանի Հանրապետությունը կհյուրընկալի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (CBD COP17)՝ Երևանում համախմբելով աշխարհի երկրների կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, գիտական համայնքի, քաղաքացիական հասարակության, բնիկ ժողովուրդների, երիտասարդների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում