Էդվարդ Ասրյանը եղել է N բանակային զորամիավորումում
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը բանակային զորամիավորումներ կատարվող պարբերական այցերի շրջանակում հուլիսի 28-ին եղել է N բանակային զորամիավորումում, որտեղ հանդիպել է ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին պաշտպանության նախարարությունից, հանդիպման առանցքում եղել են ստորաբաժանումներում ծառայողական պատասխանատվության բարձրացման, կանոնադրական հարաբերությունների անշեղ պահպանման, ենթակաների նկատմամբ հրամանատարական հոգատարության և փոխադարձ հարգանքի մթնոլորտի ամրապնդման հարցերը։
Անդրադարձել են նաև զինված ուժերում բարոյահոգեբանական առողջ միջավայրի ձևավորմանն ու դրա պահպանման կարևորությանը։
ԶՈՒ ԳՇ պետը կարևորել է ծառայության ընթացքում կանոնադրական հարաբերությունների անշեղ պահպանումը՝ ընդգծելով, որ արատավոր երևույթների կանխարգելման հիմքում պետք է լինեն օրենքի և զինվորական կանոնադրությունների պահանջների խստիվ կատարումը, ծառայակիցների արժանապատվության նկատմամբ հարգալից վերաբերմունքը և յուրաքանչյուր զինծառայողի անձնական պատասխանատվությունը։
Զինծառայողներն ուղղել են իրենց հետաքրքրող հարցերը, ներկայացրել դիտարկումներ և առաջարկներ։
«Նմանօրինակ այցերն ու հանդիպումները շարունակական բնույթ են ունենալու»,-տեղեկացնում են ՊՆ-ից։