Մարզեր

Գավառի թիվ 1 հիմնական և թիվ 7 միջնակարգ դպրոցների համար կկառուցվեն նոր շենքեր

2 րոպեի ընթերցում

Գավառի թիվ 1 հիմնական և թիվ 7 միջնակարգ դպրոցների համար կկառուցվեն նոր շենքեր

Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարանում անցկացվել է Գավառի թիվ 1 հիմնական և թիվ 7 միջնակարգ դպրոցների նոր շենքերի կառուցման նախագծերի տեղակապման վերաբերյալ հանրային լսում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, հանրային լսմանը մասնակցել են ծրագրի պատվիրատու Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, նախագծող կազմակերպության, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Գավառի համայնքապետարանի, կրթական հաստատությունների, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (ՀՈԱԿ), հասարակական կազմակերպությունների (ՀԿ) ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքացիներ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նախագծերի տեղակապման աշխատանքներին առնչվող հարցեր, ներկայացվել են կարծիքներ և առաջարկություններ, որոնք հաշվի կառնվեն նախագծման վերջնական փուլում։

Դպրոցների կառուցման ծրագրերին վերաբերող մյուս հարցերը կքննարկվեն առաջիկայում կազմակերպվելիք հանրային լսումների ընթացքում։

«Գավառի թիվ 1 հիմնական և թիվ 7 միջնակարգ դպրոցների գործող շենքերը կառուցվել են ավելի քան կես դար առաջ և ունեն հիմնանորոգման ու արդիականացման անհրաժեշտություն։ Նոր կրթական համալիրները կկառուցվեն գործող դպրոցների տարածքներում՝ ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում»,-հայտնել են Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում