Մարզեր

Սևանում կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգի ներդրման ծրագիրը մեկ տարվա ընթացքում հաջող արդյունքներ է գրանցել

3 րոպեի ընթերցում

Սևանում կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգի ներդրման ծրագիրը մեկ տարվա ընթացքում հաջող արդյունքներ է գրանցել

2025 թվականի հուլիսի 26-ին Սևան քաղաքում պաշտոնապես մեկնարկել է սկզբնաղբյուրում կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգի ներդրման ծրագիրը, որը մեկ տարվա ընթացքում հաջողությամբ արդարացրել է իրեն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, շուրջ 300 հազար եվրոյի աջակցությամբ համայնքին տրամադրվել է եվրոպական արտադրության 1680 թափոնաման և VOLVO մակնիշի մեկ թափոնատար բեռնատար ավտոմեքենա։

Տեսակավորված թափոնների հավաքումն ու սանիտարական աղբավայր տեղափոխումն իրականացնում է «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ն, որին Սևան համայնքն արտապատվիրակել է գործընթացի ամբողջ կազմակերպումը։

Սևանի համայնքապետարանի աշխատակազմից հիշեցնում են, որ թափոնների տեսակավորումը սկսվում է յուրաքանչյուր ընտանիքից։ Բնակիչները պետք է թափոններն առանձնացնեն ըստ տեսակների և դրանք տեղադրեն համապատասխան թափոնամաններում. կապույտ թափոնամանները նախատեսված են պլաստիկի, թղթի և մետաղի, իսկ կանաչները՝ բացառապես ապակու համար։ Միաժամանակ նշվում է, որ նախկինում տեղադրված կանաչ և կապույտ թափոնամանների մի մասը հանվել է՝ համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով։

«Սևան երիտասարդական ակումբ ՀԿ-ն իրականացնում է թափոնների տեսակավորման իրազեկման և տեսակավորումը խրախուսող միջոցառումներ և նախաձեռնություններ։ Սևանի յուրաքանչյուր բնակիչ պետք է գիտակցի, որ համայնքին նվիրաբերված թափոնամանները համայնքի սեփականությունն են և պահանջում են պատասխանատու ու հոգատար վերաբերմունք։ Ունենք բազմաթիվ հաջողված օրինակներ, երբ ինչպես կազմակերպությունները, այնպես էլ անհատ քաղաքացիները ոչ միայն լրջորեն են մոտեցել ծրագրին, այլև հանդես են եկել սեփական նախաձեռնություններով։ Նախ ցանկանում եմ շնորհավորել մեր բնակիչներին՝ մեկ տարվա ընթացքում դժվարությունները հաղթահարելու և առաջ շարժվելու համար։ Համոզված եմ, որ մեր համայնքում ձևավորված տեսակավորման մշակույթն արդեն հետընթացի ճանապարհ չունի։ Առաջիկա տարիներին այս ոլորտում կարձանագրենք նոր ձեռքբերումներ՝ ներդնելով նաև օրգանական թափոնների տեսակավորման համակարգը, որպեսզի հնարավորինս նվազեցնենք աղբավայր տեղափոխվող թափոնների ծավալը»,- նշել է Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը։

Սևանում սկզբնաղբյուրում կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգը ներդրվել է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացնում է Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ինչպես նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում