Վարդենիսի քաղաքային մանկական գրադարանը համալրվել է նոր գրքերով
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի մանկական գրադարանը համալրվել է նոր գրքերով։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, օրերս Վարդենիսի քաղաքային մանկական գրադարանը հյուրընկալել է Հայկական գրադարանային ասոցիացիայի նախագահ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանին և անվանի գրադարանագետ, մատենագետ, Հայկական գրադարանային ասոցիացիայի փոխնախագահ Ռաֆիկ Ղազարյանին։
Այցի ընթացքում հյուրերը շրջել են գրադարանում, ծանոթացել գրադարանի պատմությանը, գործունեությանը և առօրյա աշխատանքին։ Հանդիպման ընթացքում անդրադարձել են գրադարանների միջև հետագա համագործակցությանը, փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին։
Հյուրերը գրադարանին նվիրել են նաև գրքեր՝ համալրելով գրադարանի գրքային ֆոնդը։
Հանդիպմանը ներկա էին Վարդենիսի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի աշխատակիցները, Վարդենիսի քաղաքային գրադարանի և քաղաքային մանկական գրադարանի աշխատակիցները, ինչպես նաև ընթերցողներ։
Ներկաները շփվել են հյուրերի հետ, հարցեր ուղղել և քննարկել գրքի, ընթերցանության ու գրադարանների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։