ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
1 րոպեի ընթերցում

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր՝ գյուղացիական տնտեսություններին համապատասխան աջակցություն ցուցաբերելու նպատակով։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, այդ ձեռնարկի շրջանակներում հուլիսի 23-ին Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչներին՝ Տնտեսական անվտանգության ծրագրերի ղեկավար Ստեփան Գրիգորյանին և նույն բաժնի ներկայացուցիչ Նարինե Քոչարյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերն ու հումանիտար աջակցությանն ուղղված քայլերը:
Համագործակցության շրջանակներում ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր, որը կիրառվելու է սահմանամերձ բնակավայրերում գյուղատնտեսական աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար։
Վարդենիս համայնքի ղեկավարը երախտագիտություն է հայտնել ԿԽՄԿ ներկայացուցիչներին ու հավաստիացրել, որ նվիրաբերված գյուղատնտեսական գործիքը հավուր պատշաճի կծառայեցվի համայնքի գյուղացիական տնտեսությունների կարիքներին։