Առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացրել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

4 րոպեի ընթերցում

Հայաստանում 2026 թվականի հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման արդյունքում ընտանեկան բժիշկների վարձատրությունը նախորդ տարիների համեմատ աճել է գրեթե 54 տոկոսով։ Բացի այս, ֆինանսավորման նոր մեխանիզմները ոչ միայն բարձրացրել են ընտանեկան բժիշկների աշխատավարձերը, այլև ընդլայնել նրանց ծառայությունների շրջանակը՝ հնարավորություն տալով լրացուցիչ վարձատրվել նաև ամբուլատոր պայմաններում բուժվող հիվանդներին խորհրդատվություն տրամադրելու համար։

«Արմենպրես»-ի մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խարազյանը՝ ամփոփելով հիմնադրամի գործունեության առաջին կիսամյակի արդյունքները։

«Պոլիկլինիկաների, ընտանեկան բժիշկների ծառայություններն ամբողջությամբ փոխհատուցվում են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի կողմից։ Այստեղ ուզում եմ շատ կարևորել այն հանգամանքը, որ մեր ընտանեկան բժիշկների վարձատրությունը զգալիորեն բարձրացել է՝ նախորդ տարիների համեմատ աճելով գրեթե 54 տոկոսով։ Բացի այդ, ընտանեկան բժիշկները հնարավորություն են ստացել առանձին ամբուլատոր պայմաններում բուժման ենթակա հիվանդությունների բուժման դեպքում նաև խորհրդատվություն տրամադրել և սրա համար նույնպես առանձին վարձատրվել»,-ասաց Խարազյանը։

Վերջինիս բնորոշմամբ՝ ընտանեկան բժիշկների համար նաև լայն հնարավորություններ են ստեղծված ոչ միայն հիվանդների բուժման, այլև հիվանդությունների ընթացիկ վերահսկման համար, որովհետև հիմնադրամի համար շատ կարևոր են, որպեսզի քրոնիկ հիվանդություն ունեցող քաղաքացիների համար հասանելի լինեն ընտանեկան բժիշկների խորհրդատվություններն ու դեղորայքը, որոնք ևս տրամադրվում են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի կողմից։

«Առողջության ապահովագրության համակարգի ներդրման միջոցով մենք նաև ակնկալում ենք, որ պետք է տեղի ունենան որոշակի փոփոխություններ, և հիվանդանոցային այն դեպքերը, որոնք կապված էին հենց հիվանդությունների հսկողության բացթողումների հետ, կրճատվեն»,-նշեց Սամվել Խարազյանը։

Վերջինիս խոսքով՝ համակարգի ներդրման մեջ զգալի փոփոխություններ են իրականացվել նաև օնկոլոգիական հիվանդությունների բուժման վրա, որտեղ հիմնադրամի ծախսերը զգալիորեն աճել են․ մասնավորապես, խոսքը վերաբերում է քիմիոթերապևտիկ ծառայության դեղերի հատկացման ծավալների վրա կատարվող շեշտադրմանը։

«Մենք այդ ծախսերը մեծացրել ենք շուրջ 10 անգամ։ Եթե նախկինում մեր քաղաքացիները հնարավորություն ունեին պետական պատվերի շրջանակներում ընդամենը 150 հազար դրամի չափով օգտվել քիմիոթերապիայի ծրագրից, ապա հիմա այդ թիվը կազմում է 1,2 միլիոն դրամ»,-շեշտեց Խարազյանը։

Հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խարազյանը նաև հավելեց, որ համակարգի ներդրման 6 ամիսների ընթացքում եղել է շուրջ 2,6 միլիոն դուրս գրված դեղատոմս, և հունվար ամսվա համեմատ՝ այդ թիվը աճել է շուրջ 3 անգամ։

«Մենք հունիսին արդեն ունենք 172 հազար շահառու, որոնք օգտվել են դեղորայքի փաթեթից, և ընդհանուր առմամբ, այն շահառուների թիվը, որոնք իրենց քրոնիկ հիվանդությունների հսկման կամ ամբուլատոր պայմաններում բուժման համար անհրաժեշտ դեղորայքից օգտվել են, կազմում է շուրջ 400 հազար»,-պարզաբանեց Սամվել Խարազյանը։

Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից։ Առաջին փուլով համակարգի շահառու են դարձել 200 հազար դրամ և դրանից բարձր աշխատավարձ ստացող անձինք, հաշմանդամություն ունեցող անձինք, 65 և ավելի բարձր տարիքի թոշակառուները և մինչև 18 տարեկան երեխաները։ 

Հայերեն