Մերձավոր Արևելք

Հարավային Կորեան երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռանալ Մերձավոր Արևելքից

2 րոպեի ընթերցում

Հարավային Կորեան երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռանալ Մերձավոր Արևելքից

Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը կարճաժամկետ այցով Մերձավոր Արևելքում գտնվող իր քաղաքացիներին խորհուրդ է տվել անհապաղ հեռանալ տարածաշրջանից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է հարավկորեական Yonhap լրատվական գործակալությունը։

Նշվում է, որ Հարավային Կորեայի ԱԳՆ-ն նախազգուշացումը հրապարակել է այն բանից հետո, երբ հուլիսի 19-ին հանդիպում է անցկացրել տարածաշրջանում հավատարմագրված 17 դիվանագիտական ներկայացուցչությունների, այդ թվում՝ Իրանում և Իսրայելում դեսպանությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Հարավային Կորեայի քաղաքացիների և նավերի անվտանգության ապահովման միջոցառումների հարցը։

«Հաշվի առնելով, որ մարտ ամսից ի վեր Մերձավոր Արևելքի երկրների մեծ մասի համար գործում է ճանապարհորդության վտանգի 3-րդ մակարդակի նախազգուշացում, որով առաջարկվում է լքել այդ երկրները, եթե մնալու խիստ անհրաժեշտություն չկա, կարճաժամկետ այցով այնտեղ գտնվող քաղաքացիներին խորհուրդ է տրվում հնարավորինս արագ մեկնել, եթե մնալու համար համոզիչ պատճառներ չունեն»,- հայտարարել է Հարավային Կորեայի արտաքին գործերի երկրորդ փոխնախարար Կիմ Ջինան։

Նա նաև կոչ է արել առավել զգոն լինել՝ Կարմիր ծովում հարավկորեական նավերի անվտանգությունն ապահովելու նպատակով՝ Եմենի հութի ապստամբների և Սաուդյան Արաբիայի միջև վերջին ռազմական լարվածության պայմաններում։

Արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ Մերձավոր Արևելքում գործող Հարավային Կորեայի դիվանագիտական ներկայացուցչությունները շարունակելու են ուշադիր հետևել իրավիճակին և ձեռնարկել կանխարգելիչ միջոցներ՝ տարածաշրջանում գտնվող Հարավային Կորեայի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։

Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակում է աճել, քանի որ ԱՄՆ-ի և Իրանի միջև զինված բախումները շարունակվում են արդեն ավելի քան մեկ շաբաթ։ Հունիսին կնքված նախնական խաղաղության համաձայնագիրը, որը պետք է վերջ դներ ամիսներ տևած պատերազմին, տապալվել է, իսկ Հորմուզի նեղուցում նավերի անցումները սահմանափակված են։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում