Աշխարհ

Կանադան էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցնում Կոնգո այցելած օտարերկրացիների համար

2 րոպեի ընթերցում

Կանադան էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցնում Կոնգո այցելած օտարերկրացիների համար

Կանադայի կառավարությունը հուլիսի 19-ին հայտարարել է, որ էբոլա վիրուսի տարածումը կանխելու նպատակով սահմանային նոր ժամանակավոր միջոցառումների շրջանակում կմերժի ցանկացած օտարերկրացու մուտքը, որը վերջին 21 օրվա ընթացքում գտնվել է Կոնգոյում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Կանադայի Հանրային առողջապահության գործակալությունը տարածած հայտարարության մեջ նշել է, որ «նախորդ 21 օրվա ընթացքում Կոնգոյում գտնված օտարերկրյա քաղաքացիների մուտքի սահմանափակումը կարող է նվազեցնել Կանադայի բնակչության համար հանրային առողջության ռիսկերը»։

Ավելի վաղ Կանադան կասեցրել էր Կոնգոյի, Ուգանդայի և Հարավային Սուդանի բնակիչների համար ներգաղթի փաստաթղթերի տրամադրումը։ Reuters-ը հայտնում է, որ Հարավային Սուդանում Էբոլայի ոչ մի դեպք չի հաստատվել, իսկ Ուգանդան անցած ամսից ի վեր նոր դեպքեր չի գրանցել։

Այս արգելքը սահմանվել է՝ ի հեճուկս Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայտարարությունների, որտեղ կազմակերպությունը խորհուրդ է տալիս երկրներին չսահմանափակել ճանապարհորդությունները կամ առևտուրը Կոնգոյի հետ։

«Տուժած շրջաններից ժամանած մարդիկ և աֆրիկյան համայնքների ներկայացուցիչները բախվել են անարդար կասկածների։ Էբոլայի տարածումը պայմանավորված չէ մարդու քաղաքացիությամբ կամ էթնիկ պատկանելությամբ»,- ասվում էր անցած ամիս ԱՀԿ-ի տարածած հայտարարության մեջ։ ԱՀԿ-ի գնահատմամբ՝ էբոլայի միջազգային տարածման ռիսկը ցածր է։

Էբոլա վիրուսը հիմնականում փոխանցվում է հիվանդությամբ վարակված անձի մարմնական հեղուկների հետ անմիջական շփման միջոցով։ Հուլիսի 15-ի դրությամբ Կոնգոյում գրանցվել է էբոլայով վարակման ավելի քան 2 100 դեպք, այդ թվում՝ 828 մահվան դեպք։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում