Քաղաքականություն

Ռուսաստանը պատրաստ է օգնել Երևանին ու Բաքվին տրանսպորտային կապերի հաստատման հարցերում․ Լավրով

4 րոպեի ընթերցում

Ռուսաստանը պատրաստ է օգնել Երևանին ու Բաքվին տրանսպորտային կապերի հաստատման հարցերում․ Լավրով

Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի ու Բաքվի միջև տրանսպորտային և տնտեսական կապերի հաստատմանն ու մարդասիրական հարցերի լուծմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսից։

«Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին՝ ուղղված հարաբերությունների լիարժեք և համապարփակ կարգավորմանը՝ հիմնվելով 2020 և 2022 թվականներին ձեռք բերված եռակողմ բարձր մակարդակի համաձայնագրերի վրա։ Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք օգնել և՛ Բաքվին, և՛ Երևանին տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման և մարդասիրական հարցերի լուծման գործում»,-ասել է նախարար Լավրովը։  

ՌԴ ԱԳ նախարարը նաև խոսել է Հարավային Կովկասի «3+3» խորհրդակցային ձևաչափի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Իրան և Թուրքիա) գործունեության մասին՝ ընդգծելով, որ այն տարածաշրջանային համագործակցությունը զարգացնելու բավարար ներուժ ունի։

«Մենք անդրադարձանք արևմտյան երկրների կողմից Հարավային Կովկասը որպես աշխարհաքաղաքական դիմակայության ասպարեզ օգտագործելու փորձերի հարցին։ Այս համատեքստում մենք տեսնում ենք տարածաշրջանային համագործակցության զգալի ներուժ «3+3» հարթակի շրջանակներում, որը միավորում է Հարավային Կովկասի երեք երկրներին՝ Ադրբեջանին, Հայաստանին, Վրաստանին և նրանց հարևաններին՝ Ռուսաստանին, Իրանին և Թուրքիային»,-ասել է նա։

Լավրովը նշել է, որ այս մեխանիզմը նախատեսված է տարածաշրջանի երկրների և իրենց հարևանների կողմից տարածաշրջանային ցանկացած մարտահրավերի լուծումը հեշտացնելու համար՝ առանց արտաքին ապակառուցողական միջամտության։

Նշվում է, որ բանակցությունների ընթացքում Լավրովն ու Բայրամովը քննարկել են Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև առևտրատնտեսական և այլ ոլորտային համագործակցության հարցեր։ ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգերի արդիական հարցերի շուրջ։

«3+3» ձևաչափը Հարավային Կովկասում անվտանգության, տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման ու տարածաշրջանային համագործակցության նպատակով ստեղծված խորհրդակցական հարթակ է: Այս նախաձեռնությունն առաջ է քաշվել 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի շուրջ 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, ինչպես նաև արժանացել է Ռուսաստանի և Իրանի աջակցությանը:

Չնայած նախագծի սկզբնական «3+3» անվանմանը՝ հարթակն իրականում գործում է «3+2» կամ 5-կողմ տարբերակով: Վրաստանը հենց սկզբից հրաժարվել է և շարունակում է կտրականապես հրաժարվել հանդիպումներին մասնակցելուց՝ պատճառաբանելով Ռուսաստանի կողմից իր տարածքների (Աբխազիա և Հարավային Օսիա) օկուպացիան: Մյուս անդամները նշում են, որ Վրաստանի համար «դուռը միշտ բաց է»:  

Մինչ օրս մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների և փոխնախարարների մակարդակով տեղի են ունեցել մի քանի հանդիպումներ. Մոսկվա (2021թ. դեկտեմբեր)՝ առաջին հանդիպումը փոխարտգործնախարարների մակարդակով, Թեհրան (2023թ. հոկտեմբեր)՝ առաջին հանդիպումը ԱԳ նախարարների մակարդակով, Ստամբուլ (2024թ. հոկտեմբեր)՝ նախարարական մակարդակով հաջորդ հանդիպումը, որտեղ ընդունվել է համատեղ հռչակագիր:  

Այժմ կողմերի միջև քննարկվում է հաջորդ նախարարական հանդիպումների անցկացման հերթականությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում