Ռուսաստան

Գերմանիան Ռուսաստանին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի. Politico և Welt.

3 րոպեի ընթերցում

Գերմանիան Ռուսաստանին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի. Politico և Welt.

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նախատեսում է առաջիկա օրերին Ռուսաստանին մեղադրել Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ, որտեղ հայտնաբերվել են պայթուցիկ նյութերով անօդաչու թռչող սարքեր: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում են Politico-ն և Welt am Sonntag-ը՝ հղում անելով աղբյուրներին:

Մերցը, ինչպես սպասվում է, կհայտարարի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների մասին: «Սա կլինի Գերմանիայի ուղղակի միջոցառումների և ԵՄ նոր պատժամիջոցների համադրություն, որոնք զուգահեռաբար պատրաստվում են Բրյուսելում», - գրում են հրատարակությունները:

Աղբյուրներից մեկի համաձայն՝ Լայպցիգում անօդաչու թռչող սարքի միջադեպին ի պատասխան առանձին ռուս դիվանագետների արտաքսումը կամ Բեռլինում Ռուսական տան փակումը այլևս բավարար միջոց չէ: Աղբյուրը նշել է, որ անհրաժեշտ են ավելի խիստ միջոցներ, ինչպիսիք են պատժամիջոցների խստացումը կամ նույնիսկ Ուկրաինային ավելի մեծ քանակությամբ զենքի մատակարարումները:

Politico-ն նշում է, որ Բեռլինը նույնպես սկսել է պատրաստվել Մոսկվայի կողմից կոշտ արձագանքին:

Հրապարակման աղբյուրները Գերմանիայի առաջիկա քայլը անվանել են «երկրորդ շրջադարձային կետ» (Zeitenwende 2.0): Սա վերաբերում է նախկին կանցլեր Օլաֆ Շոլցի կողմից օգտագործված եզրույթին, երբ նա հայտարարեց Բեռլինի և Մոսկվայի հարաբերությունների կտրուկ վերանայման մասին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո։

Օգոստոսի 25-ին Մերցը հայտարարեց, որ Լայպցիգում դիվերսիայի փորձի համար պատասխանատուները պատասխանատվության կենթարկվեն, սակայն կանցլերը որևէ կոնկրետ մեղադրանք չէր ներկայացրել։ Նա խոստացել էր շուտով հրապարակել հետաքննության արդյունքները։ Նրա խոսքով՝ կառավարությունը «ինտենսիվ» աշխատում է հետախուզական գործակալությունների հետ՝ մեղավորներին բացահայտելու համար։

Գերմանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ օգոստոսի 5-ի գիշերը Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է անհայտ ծագման անօդաչու թռչող սարք։ Ավելի ուշ պարզվել է, որ օդանավակայանում դիվերսիայի փորձին մասնակցել են մի քանի անօդաչու թռչող սարքեր։ Հայտնաբերված առաջին անօդաչու թռչող սարքի վրա ամրացված էր պայթուցիկ սարք և դետոնատոր։ Անօդաչու թռչող սարքը հայտնաբերվել է զինամթերք տեղափոխող ուկրաինական «Անտոնով» տրանսպորտային ինքնաթիռի մոտ։ Երկրորդ անօդաչու թռչող սարքը, ենթադրաբար, բախվել է DHL բեռնատար ինքնաթիռի հետ, որը ստիպված է եղել դադարեցնել վայրէջքը և պտույտ գործել օդանավակայանի փակման պատճառով։ Երրորդ անօդաչու թռչող սարքը հայտնաբերվել է միայն միջադեպից 10 օր անց։ Հետաքննիչները դրա մոտ հայտնաբերել են մոտ 50 գրամ պայթուցիկ նյութ։

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում