Նշանավոր շեփորահար Իբրահիմ Մալուֆն իր անսահման էներգիայով և ինքնատիպ երաժշտությամբ «պայթեցրեց» երևանյան բեմը
8 րոպեի ընթերցում
Հանրահայտ շեփորահար, կոմպոզիտոր Իբրահիմ Մալուֆը, որը Երևան է ժամանել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում, հուլիսի 15-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած մենահամերգին հանդիսատեսին «թույլ չտվեց» նստել. նա բեմ բարձրացավ և ասաց.
«Սա իմ առաջին համերգն է Հայաստանում, և ես անսահման երջանիկ եմ։ Մենք «կամուսնանանք» այսօր և հրաշալի «հարսանեկան» երեկո կանցկացնենք։ Բոլորս պետք է ուրախ նշենք, պարենք, երգենք»։
Մալուֆի՝ բեմում հայտնվելու պահից ի վեր երաժշտի երկրպագուները կա՛մ պարում էին աշխույժ մեղեդիների ներքո, կա՛մ կանգնած, շունչները պահած ունկնդրում լիրիկական, հոգուն հասնող մեղեդիները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մալուֆն ասաց, որ ամուսնացել է 2020 թվականի համավարակի ծանր օրերին։
«Այդ շրջանում փակված էինք տանը, արգելված էր դուրս գալը, սակայն մի օր մեզ հնարավորություն տվեցին տանից դուրս գալ տասը օրով։ Մինչ այդ արդեն ապագա կնոջս հետ որոշել էինք ամուսնանալ, սակայն օրը հստակ չէր։ Երբ նման հնարավորություն ընձեռվեց, որոշեցինք հարսանիքը հենց այդ օրերին կազմակերպել, և մենք հրաշալի մեծ հարսանիք արեցինք։ Ընտանիքիս բոլոր անդամները, Լիբանանից հարազատները եկել էին։ 2020 թվականի սեպտեմբերի 18-ն էր։ Երեկոյան, երբ մենք պարզապես թռչում էինք երաժիշտների հետ և իսկապես զարմանալի ժամանակ էինք անցկացնում, իմպրովիզացիաների շնորհիվ հիանալի մեղեդիներ ծնվեցին։ Այդ ժամանակ ինձ այնքան հզոր էի զգում, և ինքս ինձ ասացի՝ այո՛, սա հենց այն է, ինչ ես ցանկանում եմ, ես ուզում եմ ամեն օր ամուսնանալ։ Հենց այդ հույզերից ծնվեց այս շոուների գաղափարը, ուստի ամեն շոուի ժամանակ ասում եմ, որ «ամուսնանում» ենք հանդիսատեսի հետ, և այս երեկո ես «ամուսնանում» եմ ձեզ հետ։ Այս շոուի ընթացքում հնչող յուրաքանչյուր ստեղծագործություն հնչել է իմ հարսանիքին»,-պատմեց շեփորահարը։
Իբրահիմ Մալուֆի հետ բեմում իր խումբն էր՝ կազմված երաժիշտներից, որոնց հետ նա երկար տարիներ է համագործակցում։ Մալուֆը հիշեցրեց, որ իր առաջին խումբը հիմնադրել է 25 տարի առաջ։ Առաջին իսկ համերգից հետո այն փլուզվել է։ Հետո իր շուրջ է համախմբել բարձրակարգ երաժիշտների, որոնց հետ աշխատում է մինչ օրս, և, ինչպես ինքն է ասում, փորձում են ուրախություն բերել կոտրված սրտերին։ Շեփորահարի խոսքով՝ ժամանակի ընթացքում իրենք փոխվում են, զարգանում են, սակայն ամուր հիմք ունեն։
Մալուֆն անդրադարձավ երաժիշտներից յուրաքանչյուրին, և պարզվեց, որ խմբի թմբկահարը հայ է։
«Երբ ընտանիքս պատերազմի պատճառով Լիբանանից տեղափոխվեց Ֆրանսիա, ես միայն արաբերեն էի խոսում։ Ծնողներս թույլ չէին տալիս ֆրանսերեն սովորել, քանի որ կարծում էին՝ պատերազմը շուտ կավարտվի, և մենք կվերադառնանք Լիբանան, բայց այն տևեց 17 տարի և դեռ շարունակվում է։ Դպրոցում չէի հասկանում, թե ուսուցիչներն ինչ են ասում, դասընկերներս ինչ են խոսում, ինչի պատճառով մեկուսացա և տարվեցի երաժշտությամբ, այն դարձավ իմ փախուստը։ Հենց այդ ընթացքում մեր ընտանիքի բարեկամներից մեկն ասաց, որ մեր հարևանությամբ հայեր են ապրում, որոնք հիանալի երաժիշտներ են։ Այդ ընտանիքի անդամներից մեկը հետագայում հրաշալի երաժիշտ դարձավ և իմ խմբում է. խոսքը թմբկահար և իմ ընկեր Ժուլիան Թեքեյանի մասին է»,-նշեց նա և հավելեց՝ Թեքեյանը ևս առաջին անգամ է ելույթ ունենում Հայաստանում։
Հանդիսատեսը բուռն ծափահարություններով ընդունեց նաև Թեքեյանին, ինչի արդյունքում երաժիշտը հուզվեց, իսկ երաժշտական հատվածներից մեկում հանդես եկավ ամբողջ փայլով՝ ցույց տալով հարվածային գործիքների բոլոր հնարավորությունները։
Իբրահիմ Մալուֆի ելույթները հայտնի են իրենց հզոր էներգիայով, ժանրային համարձակ համադրություններով և երաժշտական սահմանների անտեսմամբ։
Մալուֆը միջազգային երաժշտական ասպարեզում համարվում է բացառիկ երևույթ։ The New York Times-ը նրան բնութագրում է որպես «վիրտուոզ»։
Մալուֆի ծնողները ևս երաժիշտներ են. հայրը շեփորահար է, մայրը՝ դաշնակահար։
«Մի օր հորս ասացի, որ ցանկանում եմ՝ նա ինձ շեփոր նվագել սովորեցնի։ Այդ ժամանակ սկսել էի ֆրանսերեն խոսել, իսկ նա ատում էր դա։ Լուրջ նայեց ինձ և ֆրանսերեն ասաց. «Ցանկանում ես՝ շեփորս քեզ տամ, որպեսզի դառնաս շեփորահա՞ր»։ Ես շատ լավ շեփորներ էի տեսել, և երբ նայեցի հորս շեփորին, ասացի որ չեմ ուզում այդ մեկը։ Հայրս, ինչպես լիբանանցիների մեծ մասը, մեծ էգո ունի, և նրան դուր չեկավ իմ պատասխանը։ Նա խոշոր աչքերով նայեց աչքերիս և ասաց, որ կգա մի ժամանակ, երբ աշխարհի բոլոր շեփորահարներն իր շեփորով կնվագեն, իսկ ես կլինեմ միակ հիմար երաժիշտը, որն այլ շեփորով է նվագում։ Այդ ժամանակ 7 տարեկան էի և հավատացի նրան՝ վերցնելով շեփորը, որով մինչ օրս նվագում եմ»,-պատմեց նա։
Իբրահիմ Մալուֆը վերջերս է թողարկել իր 21-րդ ալբոմը, ինչից հետո որոշել է հոր համար ինչ-որ լավ բան անել և ստեղծել է շեփորների բրենդ՝ այն անվանելով T.O.M.A (Trumpets of Michel-Ange)։ Մալուֆը նաև շեփորի ակադեմիա է հիմնադրել, որտեղ անվճար շեփոր նվագել է սովորեցնում և հնարավորություն է տալիս աշակերտներին նաև բեմում հանդես գալ իրենց հետ, սակայն մի պայմանով, որ աշակերտները գնեն իրենց բրենդի շեփորը։ Մալուֆը կատակով ասաց. «Ի վերջո մենք լիբանանցի ենք, և բիզնեսը մնում է բիզնես»։
Երեկոյի գրեթե վերջում բեմ բարձրացավ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նա շնորհակալություն հայտնեց Իբրահիմ Մալուֆին և նրա թիմին հրաշալի համերգի համար և Մալուֆին հանձնեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Վարպետ» մրցանակը։
Մրցանակը ստանալուց հետո Իբրահիմ Մալուֆն ու իր բենդը ևս մի քանի սպասված ստեղծագործություն կատարեցին 14-ամյա տաղանդավոր շվիահար Նարեկի մասնակցությամբ և հանդիսատեսին հրավիրեցին մասնակցել 2027 թվականին Ֆրանսիայում կայանալիք լայնամասշտաբ համերգին՝ խոստանալով, որ երկրպագուները երբեք չեն մոռանա այդ երեկոն։
Վերջին տասնամյակում Մալուֆը հանդես է եկել ավելի քան 40 երկրում, համագործակցել է այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Քուինսի Ջոնսը, Ուինթոն Մարսալիսը, Ջոն Բատիստը, Սթինգը և այլք։ 2022 թվականին համագործակցել է Անժելիկա Կիջոյի հետ՝ ստեղծելով Queen of Sheba սիմֆոնիկ ստեղծագործությունը, որը նրան բերել է իր առաջին «Գրեմմի» առաջադրումը։
Նրա վերջին` Capacity to Love ալբոմը ևս մեկ անգամ հաստատում է Մալուֆի ստեղծագործական համարձակությունը՝ միավորելով տարբեր մշակույթների և ժանրերի արվեստագետներին՝ ինքնության, համայնքի և միասնության թեմաների շուրջ։ Ալբոմի Todo Colores ստեղծագործության համար նա կրկին առաջադրվել է «Գրեմմի»-ի։